Դատարանն արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին քննադատած տղամարդուն. փաստաբան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն արդարացրել ՔՊ-ն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատած բլոգեր Արտակ Ավետիսյանին, հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը ր ֆեյսբուքյան էջում։

Մելիքյանի փոխանցմամբ՝ արդարացման դատավճիռը կայացրել է դատավոր Մ․ Արամյանը։ Նա նշել է, որ Ավետիսյանը նախ կալանավորվել էր քաղաքական հայացքների հիմքով ատելության խոսքի հոդվածով, իսկ այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության համար։

Ավետիսյանը իր տեսաուղերձում Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ անվանել էր ՔՊ անդամներին «թռածներ», իսկ ավելի ուշ բղավել՝ «Նիկոլը դավաճան է»։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Ավետիսյանին ձերբակալել էին մայիսի 12-ին ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հատկանիշներով։

Մայիսի 14-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Իրավապահները նաև խուզարկել էին նրա բնակարանը։ Այդ ժամանակ Մելիքյանը ստանձնել էր Ավետիսյանի պաշտպանությունը և քրեական հետապնդումը որակել քաղաքական։

Մայիսի 15-ին դատարանը Ավետիսյանին մեկ ամսով կալանավորել էր։ Հունիսի 10-ին Ավետիսյանն ազատվել էր բանտային կալանքից։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել էր վարչական հսկողություն և արգելել հրապարակային խոսքով հանդես գալ։

Leave a Comment