Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և կազմակերպության ներկայացուցիչներ։
Հանդիպման մեկնարկին նախարար Գևորգ Պապոյանը Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը շնորհավորել է Անուշիկ Ավետյանին՝ նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և համագործակցել նոր թիմի հետ։