«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր բնորոշմամբ «բլոկային» քաղաքականությունը կարող է Հայաստանին ներքաշել «պրոքսի»՝ այլ ուժերի շահերով մղվող պատերազմների մեջ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Զուրաբյանը քննադատել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ իշխանությունների քայլերը՝ պնդելով, որ դրանք թուլացրել են երկրի տնտեսական հարաբերություններն ու դիրքերը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ներկայացրել Հայաստանի պարենային, ռազմական, էներգետիկ անվտանգության վերաբերյալ հաշվարկներ ու հիմնավորումներ։
«ԵՄ-ն չունի դեպի Հարավային Կովկաս ընդարձակման ծրագիր», – նշել է նա։
Զուրաբյանի գնահատմամբ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, սակայն Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանն այն ընկալում են որպես «թշնամական»։
Նա նաև պնդել է, որ նախագծի իրականացումը կարող է Հայաստանի ռազմավարական հաղորդակցության ուղիները դնել Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղով, մենք կստանանք Հայաստան, որի բոլոր ստրատեգիական հաղորդակցման ուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո», — եզրակացրել է նա։
Ավելի վաղ Զուրաբյանը ևս զգուշացրել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին։ Նա, մասնավորապես, քննադատել էր նախագծի հնարավոր հետևանքները Հայաստանի ռազմավարական հաղորդակցությունների համար և կարևորել Իրանի հետ համագործակցության խորացումը։ Այս համատեքստում «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամը և Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
