«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ քաղաքական, հասարակական գործիչները, ինչպես նաև հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության ու պետականության պահպանման համար զոհվածների հիշատակին։ «Եռաբլուրից» ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Եռաբլուր»-ում հայտարարել է, որ Անկախության 35-ամյակի առթիվ Մայր Աթոռում աղոթել են Հայաստանի պետականության ամրապնդման, հայրենիքի զորացման և զոհված զինծառայողների հիշատակի համար։
Կաթողիկոսի խոսքով՝ այնուհետև հոգևորականների հետ այցելել են «Եռաբլուր»՝ աղոթելու զոհվածների համար և հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։
«Աղոթեցինք, որ ազգի զավակները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի, ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով և նվիրումով իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար»,- ասել է Գարեգին Բ-ն։
Գարեգին Բ-ն նաև ընդգծել է զոհված զինծառայողների հիշատակը վառ պահելու և նրանց իղձերի իրականացման համար միասնական լինելու կարևորությունը։
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին»,- նշել է կաթողիկոսը։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության վերականգնման 35-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, իսկ սեպտեմբերի 21-ը դարձավ Անկախության օր։
35 տարիների ընթացքում երկիրն անցել է պատերազմների, քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ու այլ լուրջ փորձությունների միջով։ Անկախության օրը նաև հայրենիքի պաշտպանության և պետականության պահպանման համար զոհվածների հիշատակը հարգելու առիթ է։
