«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև

«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև

Հայերը ձգտում են «հայացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Ադրբեջանի պետականության պատմության մեջ Կովկասյան Աղվանքի ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Ադրբեջանի տարածքում գոյություն են ունեցել մի շարք պետություններ, և դրանցից յուրաքանչյուրն իր որոշակի հետքն է թողել մեր պետականության, մեր ազգային ինքնության մեջ։ Այս հարցերը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվեն, այս ուղղությամբ աշխատանք է տարվում, գրքեր են թարգմանվում և այլն։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում ցանկացած բաց կարող է օգտագործվել»,— ասել է Շաֆիևը։

Նա նաև մեկնաբանել է Արցախի եկեղեցիների աղվանականացման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի տարածքում գտնվում են տարբեր ժողովուրդների և կրոնական համայնքների պատկանող պատմական պաշտամունքի կառույցներ, և մեր երկիրը ուշադրություն է դարձնում այդ հուշարձանների պահպանությանը։ Հայերը փորձում են ժխտել Կովկասյան Աղվանքի պատմությունը։ Այսինքն՝ նրանք ձգտում են այն ամբողջությամբ հայացնել։ Նրանց նպատակն է հայտարարել, թե այստեղ իբր գոյություն է ունեցել «Մեծ Հայք»։ Կովկասյան Աղվանքի պատմությունը որոշակիորեն հերքում է «Մեծ Հայքի» մասին այդ գաղափարը։ Նրանք դա տեսնում են և չեն ցանկանում ընդունել»,- նշել է Շաֆիևը։

Leave a Comment