Միքայելյանը կասկածի տակ է դրել ՀՀ պետական սահմանի առկայությունը – armeniatoday.am

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կասկածի տակ է դրել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված պետական սահման ունենալու հանգամանքը՝ հայտարարելով, որ սահմանները դեռ պետք է վերջնականապես հաստատվեն սահմանազատման գործընթացով։

«Չգիտեմ՝ կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է։ Ասում ենք՝ անկախ ենք, կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,- Անկախության 35-րդ տարեդարձի օրը  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասել է Միքայելյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանը միջազգային մակարդակով ճանաչված է 29 743 քառ. կմ տարածքով, Միքայելյանը կրկին հարցրել է՝ «պետական սահման ունե՞նք»՝ հավելելով, որ Հայաստանը պետք է գնա պետական սահմանների վերջնական հաստատման։

Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը պետք է ավարտին հասցնեին նախորդ իշխանությունները։

«Մենք ասում ենք, որ 35 տարի է՝ անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման։ Տա Աստված՝ վերջնականապես պետական սահմաններ ունենանք, խաղաղություն հաստատվի, երկիրը զարգանա»,- շեշտել է Միքայելյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ Հայաստանը «ուրիշ պետության վասալ» էր և տարիների ընթացքում կատարել է այն, ինչ թելադրել են։

Leave a Comment