ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է խորացնել երկկողմ գործընկերությունը, առաջ մղել TRIPP-ը և խրախուսել ամերիկյան ներդրումները։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած Ռուբիոյի հայտարարությունում։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ը Հայաստանի հետ միասին նշում է երկրի անկախության վերականգնման 35-ամյակը և ավելի խաղաղ, բարեկեցիկ ու ժողովրդավարական ապագայի ճանապարհին Հայաստանի արձանագրած առաջընթացը։ Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի գրանցած «պատմական առաջընթացը» ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի շուրջ համատեղ աշխատանքի դեպքում։
«Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP), ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է պետքարտուղարը։
Ռուբիոն նաև նշել է, որ առաջիկա տարիներին Վաշինգտոնն ակնկալում է երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացում և շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի առթիվ։
Ավելի վաղ Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացման շրջանակում հրապարակվել էին TRIPP-ի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ տարանցիկ երթուղու ստեղծում, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը կապի Նախիջևանի հետ։
