Անկախությունը սեփական ապագան որոշելու իրավունքն է․ «Ուժեղ Հայաստան» – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Անկախության օրվա առթիվ ուղերձում հայտարարել է, որ Հայաստանի անկախությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի, ուժեղ պետական ինստիտուտների, օրենքի գերակայության և անվտանգության վրա։

«Անկախությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու իրավունքն է, սեփական պետությունն ունենալու և այն պաշտպանելու վճռականությունը», — ասված է ուղերձում։

Խմբակցությունում նշել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել Հայաստանի անկախությունը, ուժեղացնել պետությունը, պաշտպանել հայկական հողերը, Սահմանադրությունն ու ազգային ինքնությունը։

«Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին», — նշվում է հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստան»-ում ընդգծել են, որ խաղաղության ձգտումը չպետք է կառուցվի «զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին»։

«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։ Մեր ապագան մեր ձեռքերում է», — ասված է ուղերձում։

Leave a Comment