
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը մշտական կապի մեջ է իրանամետ եմենյան «Անսար Ալլահ» շարժման հետ, հաղորդում է Fox News-ը։
«Նախագահը (Դոնալդ Թրամփը) ասել է, որ Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ է հուսիների հետ, և որ նրանք համաձայնել են չմասնակցել Միացյալ Նահանգների դեմ մարտական գործողությունների»,- հեռուստաալիքին հաղորդել է լրագրող Թրեյ Յինգսթը։
Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը շաբաթավերջին Եմենում ստեղծված իրավիճակն անսովոր չի համարում։ «Նա այս շաբաթավերջը բնութագրել է՝ որպես ոչ մի այլ շաբաթավերջից չտարբերվող՝ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքացիներին ուղղված նախազգուշացումներին», – նշել է Յինգսթը։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները կրկին հիշեցրել են ամերիկացիներին տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով զգոն մնալու անհրաժեշտության մասին։ Հորդանանում, Իսրայելում, Իրաքում, Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Լիբանանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային՝ անսպասելի սրման հնարավորությամբ։