«Արցախցիների համար այդ ճանապարհը տանում է դեպի տուն»․ Կարապետյան – armeniatoday.am

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն, բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ այդ ճանապարհի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու «մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար»։

«Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ դեպի տուն»,- ընդգծել է նա։

Կարապետյանը ներկա շրջանը բնորոշել է որպես կորուստները վերաիմաստավորելու դժվարին փուլ՝ վստահություն հայտնելով, որ դրան կհաջորդեն նոր ձեռքբերումներ։

«Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է։ Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները»,- գրել է նա։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել էր Արցախի վրա՝ Լաչինի միջանցքի ամիսներ տևած շրջափակումից հետո։ Ռազմական գործողություններին հաջորդել էր ավելի քան 100 հազար հայի բռնի տեղահանումը Հայաստան։

Leave a Comment