Ռուսաստանը կարող է Հայաստանի լավագույն գործընկերը լինել Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցում, «Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանի աջակցությունն անհրաժեշտ է նաև մետրոպոլիտենի հետագա զարգացման համար։
«Հիմա, օրինակ, մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցում մենք վերլուծում ենք, որ լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի մենք «Աջափնյակ» կայարանը կառուցենք և հետագայում շարունակությունն ապահովենք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել «հնարավորինս պակաս բարդություններով», թեև շինարարության ընթացքում դժվարություններն անխուսափելի են։
Փաշինյանը դա բացատրել է նրանով, որ Հայաստանը կորցրել է խորհրդային տարիներին ունեցած համապատասխան կարողությունները։
«Մենք խորհրդային ժամանակներում, այո, կառուցել ենք Խորհրդային Միության շրջանակներում մետրոպոլիտեն, բայց մենք արդեն այդ կարողությունները կորցրել ենք։ Այսօր Հայաստանում չկա մի ընկերություն, որ մրցույթ հայտարարենք, ասենք՝ եկեք մետրոպոլիտենը կառուցեք, իրենք գան և այդ մետրոպոլիտենը կառուցեն»,- հայտարարել է վարչապետը։
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում խզել կապերը Մոսկվայի հետ և, ընդհակառակը, ցանկանում է խորացնել դրանք, սակայն «նոր միջավայրում և նոր պայմաններում»։
«Մենք ոչ միայն չենք ուզում Ռուսաստանի հետ ընդհատել մեր կապերը, այլև ուզում ենք մեր հարաբերությունները խորացնել, բայց նոր միջավայրում և նոր պայմաններում։ Եվ մեր ռազմավարությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում հետևյալն է՝ մենք չենք կռվելու և չենք վիճաբանելու Ռուսաստանի հետ։ Մենք շարունակաբար, հանդարտ, հետևողական ներկայացնելու ենք մեր դիրքորոշումները»,- ասել է նա։
Փաշինյանը նաև չի բացառել Ռուսաստանի հետ նոր ատոմակայանի կառուցումը։ Նրա խոսքով՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկը՝ հաշվի առնելով գինը, որակը և ժամկետները։ «Մենք երբեք չենք ասել, որ բացառում ենք, որ Ռուսաստանի հետ կիրականացնենք ատոմակայանի կառուցումը»,- հայտարարել է վարչապետը։
Նա հավելել է, որ Երևանը չի գաղափարականացնում կամ քաղաքականացնում այդ հարցը և հետաքրքրված է շուկայում առկա տարբեր առաջարկներով։ Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական առաջարկը լավագույնն էր, Հայաստանը աշխատել է ռուսական առաջարկով։
2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։ Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ էր հատկացրել նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար:
2025 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին քաղաքապետարանը տեղեկարցել էր, որ նախագիծը շինարարության թույլտվության ստացման փուլում է։
