Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հերքել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների նկատմամբ բանտում խտրականության դեպքերի մասին տեղեկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Վարդանյանը դիմում էր հղել Ադրբեջանի օմբուդսմենին՝ բարձրացնելով հայ գերիների պահման պայմաններին առնչվող մի շարք բժշկական և իրավական հարցեր։ Նա Ալիևային կոչ է արել հանդիպել հայերի հետ, ապահովել Ադրբեջանի օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքները և արձագանքել բարձրացված խնդիրներին։
«Օմբուդսմենի կողմից հայկական ծագում ունեցող անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են տեղի ունեցել նախնական քննության, դատական գործընթացի, ինչպես նաև նրանց դատապարտումից և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – ԶԼՄ-ի հայտնել է Ալիևան։
Ըստ նրա՝ հայերի նկատմամբ խտրականություն չի կիրառվել։ «Նրանց իրավունքները պահպանվում են, այդ թվում՝ հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ լրատվամիջոցների միջոցով տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն ստանալու հարցում», – նշել է օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ նրանց պահանջով տրամադրվել են տարբեր լեզուներով բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ, հրապարակումներ և օրենսդրական ակտեր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհից մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
