Քիմ Քարդաշյանը հայտնել է կերակրափողի բորբոքում ունենալու մասին – armeniatoday.am

Հայազգի ամերիկացի գործարար Քիմ Քարդաշյանը The Kardashians ռեալիթի շոուի ութերորդ եթերաշրջանի թրեյլերում հայտնել է, որ իր մոտ էզոֆագիտ՝ կերակրափողի բորբոքում է ախտորոշվել, գրում է ամերիկյան People ամսագիրը։

Տեսանյութի հատվածներից մեկում Քարդաշյանը պատմել է ախտորոշման մասին, մյուսում պառկած է հիվանդանոցային մահճակալին։ Հիվանդության ծանրության մասին թրեյլերում մանրամասներ չեն ներկայացվում։

Ամերիկյան Entertainment Weekly ամսագիրը նշում է, որ տեսանյութում հարց է հնչում Քարդաշյանի հոր հիվանդության մասին։ Նրա մայրը՝ Քրիս Ջենները, խոստովանում է, որ այդ թեմայից ցանկանում է արտասվել։

Գործարարի հայրը՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մահացել էր կերակրափողի քաղցկեղի հետևանքով՝ 2003 թվականին, 59 տարեկանում։ People-ն առանձին ընդգծում է, որ էզոֆագիտն ու կերակրափողի քաղցկեղը տարբեր հիվանդություններ են։

Ամերիկյան InStyle ամսագրի տվյալներով՝ Ռոբերտի մահից հետո ընտանիքը մասնակցել էր կերակրափողի հիվանդությունների մասին իրազեկման նախաձեռնություններին։ Քարդաշյանները 2019 թվականին աջակցել էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում նրա անունը կրող՝ կերակրափողի առողջության կենտրոնի բացմանը։

Leave a Comment