Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախի դեմ Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի հարձակման երրորդ տարելիցին հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել «Արցախի կանչ» հուշահամալիրում։ Հիշատակի միջոցառումներից ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Միջոցառումներին մասնակցել են Արցախի քաղաքական, հասարակական և հոգևոր գործիչներ, իրավապաշտպաններ, զոհված զինծառայողների հարազատներ։ Ներկա է եղել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Եռաբլուրում անցկացվել է նաև հիշատակի երթ, որի նախաձեռնողների թվում էին 2023 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիան երկու հիմնական ուղերձ է ունեցել՝ պահպանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը և շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների համար։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանք հնարավոր կլինի իրականացնել իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում կլինի իշխանություն, որը «մտահոգված կլինի հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախահայության շահերով»։
«Այս իշխանություններից նման բան երբեք չի կարելի ակնկալել։ Նրանք պարզ ասել են, որ ոչինչ չեն անելու արցախահայության վերադարձի իրավունքն իրացնելու համար, այսինքն՝ նրանցից դա ակնկալելն անիմաստ է», — ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հայերի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններն ու դրան հաջորդած բռնի տեղահանումը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանք են։ Ղազարյանը նաև պնդել է, որ արցախահայերը տեղահանվել են ազգային պատկանելության պատճառով և տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն։
Նա կարևորել է նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։
«Ինչո՞ւ պիտի չգործեն Արցախի ինստիտուտները, պետական իշխանության մարմինները։ Հենց խաղաղության հաստատման համար է դա պետք», — հայտարարել է Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր հերթին հայտարարել է, որ արցախցիները լրջագույն սոցիալական խնդիրներ ունեն, իսկ նրանց շրջանում գործազրկությունը հասնում է 50%-ի։
Նրա խոսքով՝ գործող սոցիալական ծրագրերը չեն լուծում առկա խնդիրները, իսկ խմբակցությունը արցախցիների սոցիալական վիճակը բարելավելու համար առանձին առաջարկություններ է մշակել։
«Դրսերում մնացած խեղճ արցախցիներն արդեն չգիտեն՝ որ դուռը ծեծեն», — ասել է Հովսեփյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ սոցիալական խնդիրների ոչ բավարար լուծումը կարող է մարդկանց ստիպել հեռանալ Հայաստանից։
«Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից առաջ Ադրբեջանն արցախահայությանը փաստացի վերջնագիր էր ներկայացրել՝ ընդունել իր պահանջները, լքել Արցախը կամ բախվել ուժի կիրառման։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո սահմանում գտնվող զինծառայողները չեն հանձնվել և «իրենց կյանքի գնով ապացուցել են, որ արցախցիները պարտվելու և նահանջելու նպատակ չունեն»։
«Ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը՝ Արցախը լքելու համար, ոչ մեկն էլ իրավունք չունի այդ հարցը փակելու», — հայտարարել է նա։
Նա կոչ է արել հիշատակի միջոցառումները չսահմանափակել միայն ծաղիկներ խոնարհելով՝ ընդգծելով, որ պայքարը պետք է շարունակվի։
«Գործը պիտի շարունակվի։ Ամեն մարդ, խոնարհվելով այդ գերեզմանի առաջ, պիտի խոստում տա, որ այդ գործը շարունակվելու է, իսկ դրա համար պահանջվում է միասնական պայքար», — եզրափակել է Իսրայելյանը։
Արցախցի քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին խոսել հնարավոր չէ, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գտնվում են Բաքվի բանտերում։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի մասին չեն վկայում նաև ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները Գանձասարի՝ «աղվանական» լինելու, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին։ Հասան-Ջալալյանը դրանք որակել է որպես Ադրբեջանի «ծավալապաշտական նկրտումների» դրսևորում։
Քաղաքագետը նշել է, որ արցախահայությունն ունի վերադարձի իրավունք։
«Արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով», — հայտարարել է նա։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել է Արցախի վրա։ Ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված է եղել լքել տարածաշրջանն ու տեղափոխվել Հայաստան։ Սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների հետևանքով, ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով, զոհվել է 223 մարդ։
Կարդացեք նաև՝
«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր