Կոստանյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերափոխումը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կազմակերպած «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է ժամանակի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների կրած փոփոխությունները։

Նա ընդգծել է, որ նախկինում դրանք հիմնականում կենտրոնացած են եղել մեկ կամ երկու ուղղության և, ըստ էության, հակամարտության կառավարման վրա։ Վերջին տարիներին, սակայն, Հայաստանի շահերի վրա հիմնված, աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող և ապագային ուղղված արտաքին քաղաքական օրակարգի շրջանակում տեղի է ունեցել առաջնահերթությունների ու ուղղությունների բազմազանեցում։

Կոստանյանն ընդգծել է տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները, այդ թվում՝ նախարարության նոր՝ միջազգային առևտրի մանդատի շրջանակում կատարվող աշխատանքները։

Անդրադառնալով ռազմավարական գործընկերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այսօր դրանց հիմքում ոչ միայն պատմական կապերն ու ավանդաբար ջերմ հարաբերություններն են, այլև հստակ քաղաքական և տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այս համատեքստում նա ներկայացրել է տարբեր երկրների հետ ձևավորված ռազմավարական գործընկերությունների շրջանակում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։

Պատասխանելով զրուցավարի հարցերին՝ Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նախարարի տեղակալը ներկայացրել էTRIPP նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ անդրադառնալով ինչպես ներպետական գործընթացներին, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ շարունակվող քննարկումներին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն վարել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն․ սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն։ Միրզոյանն այդ մոտեցմանը հակադրել է արտաքին քաղաքականության այլ ուղղություն՝ կարևորելով ապրելու և կյանքն առավել անվտանգ դարձնելու նպատակը։

Leave a Comment