Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը։
«Նախագահը ստորագրել է H.R. 5334 օրինագիծը՝ «Լինդսի Օ. Գրեհեմի անվան՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին 2026 թ. օրենքը», որը թույլատրում և ընդլայնում է Ռուսաստանի դեմ օրենսդրորեն ամրագրված պատժամիջոցները, մաքսատուրքերն ու արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները», – ասված է հայտարարության մեջ։
Նախատեսված միջոցառումներն ինքնաբերաբար ուժի մեջ չեն մտնի. ԱՄՆ ղեկավարը կարող է դրանք կիրառել իր հայեցողությամբ։
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատը հաստատել էր նոր սահմանափակումների մասին օրինագիծը, որն անվանակոչվել է նախաձեռնության հեղինակի՝ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին։ Փաստաթուղթը նախատեսում է մինչև 500% մաքսատուրք Ռուսաստանից ուղղակի ներկրումների և մինչև 100% մաքսատուրք՝ ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն գնորդ երկրներից ներկրվող ապրանքների համար։
Մի շարք փոփոխություններից հետո օրինագծին ավելացվել է Իրանին վերաբերող բաժին։ Այն առաջարկում է մինչև 2031 թվականը երկարաձգել Թեհրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը։ Այս նախաձեռնությանը սատարել է Թրամփը։
