
Բոլիվիայի լեռնային անտառներում հայտնաբերվել է նախկինում անհայտ կատվի տեսակ։ Սա առաջին նմանատիպ հայտնագործությունն է 1923 թվականից ի վեր, հաղորդում է Reuters-ը։
Կատուն, որը տեղացիների շրջանում հայտնի է՝ որպես տիլկայո, պատկանում է Հարավային Ամերիկայի մեծ մասում հանդիպող վագրակատուների խմբին։ Այն հայտնաբերվել է Յունգաս անտառում։

Գիտնականները գենետիկ տվյալներ են օգտագործել՝ հաստատելու համար, որ կատուն նոր տեսակ է։ Այն անվանվել է Leopardus tilcayo։ Կենդանու երկարությունը 46 սմ է և քաշը՝ մոտավորապես 1.4 կգ։ «Նրա մորթին բաց շագանակագույն է, ամբողջ մարմնով անկանոն վարդակներով», – ասել է National Geographic-ի հետազոտող Պաոլա Նոգալես-Ասկարունցը։

Կատվի կենսակերպի մասին քիչ բան է հայտնի։ Այն, հավանաբար, սնվում է փոքր կրծողներով և ակտիվ է գիշերը։ «Ներկայում մեր տեղեկատվությունը սահմանափակվում է երկու կենդանի առանձնյակներով, որոնք մենք ուսումնասիրել ենք, և տեսախցիկների թակարդների ձայնագրությունների փոքր քանակով», – նշել է էվոլյուցիոն կենսաբան Ջոնաս Լեսկրոարտը։

Գիտնականները վերլուծել են 38 կենդանիների ԴՆԹ-ն և պարզել, որ վագրակատուները ներկայացնում են հինգ գենետիկորեն տարբեր տեսակներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Տիլկայո տոհմը առանձնացել է խմբի մյուս անդամներից մոտ 1.4 միլիոն տարի առաջ։