Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շայխա Նասեր Ալ Նուվայսին։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության միջև հարաբերությունների խորացման հեռանկարները։ Ընդգծվել է տարիների ընթացքում ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։
«Վարչապետը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը Վրաստան կնպաստի գործընկերության հետագա զարգացմանն ու համատեղ առաջնահերթությունների հաջող իրականացմանը, քանի որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունն առանցքային դեր ունի ամբողջ աշխարհում կայուն զարգացմանն աջակցելու գործում։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման դրական միտումներին, միջազգային այցելուների աճող դինամիկային և երկրի տնտեսության մեջ զբոսաշրջության ունեցած նշանակալի մասնաբաժնին։
Ուշադրություն է դարձվել գլոբալ շուկաներում Վրաստանի հանրայնացման ու գովազդման կարևորությանը։ Նշվել է, որ ակտիվ միջազգային գործընկերությունը կնպաստի Վրաստանի՝ որպես գրավիչ և անվտանգ զբոսաշրջային ուղղության դիրքավորմանը համաշխարհային շուկայում»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Aliq.ge