ԱՄՆ-հութիներ պայմանավորվածությունը կարող է ուղենշել հետագա ընթացքը․ Գանտահարյան

ԱՄՆ-հութիներ պայմանավորվածությունը կարող է ուղենշել հետագա ընթացքը․ Գանտահարյան

«RadarArmenia»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

-ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» փաթեթը, ինչն արժանացավ ՌԴ քննադատությանը․ նաև Կրեմլի խոսնակն ասել էր, որ այն կարող է բարդացնել Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիների որոնման ջանքերը։ Արդյո՞ք ԱՄՆ նախագահը կստորագրի այդ փաթեթը։ 

-Կարծում եմ՝ ներամերիկյան դերերի բաժանում կա այստեղ։ Հիշենք, որ խոսվում էր նաև ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմի մասին, և ամերիկյան պատվիրակները բանակցում էին իրենց ռուս պաշտոնակիցների հետ։ Հիմա այս «փաթեթը» իբրև ճնշում կօգտագործվի Մոսկվայի դեմ և Վաշինգտոնին կտա խաղաթուղթ՝ բանակցային ավելի հզոր դիրքից խոսելու Մոսկվայի հետ։ Թրամփը հիմա ունի ստորագրել-չստորագրելու խաղի հնարավորություն, ինչը, կարծում եմ, լիարժեք կօգտագործի։ 

-Ըստ Ձեզ՝ ստորագրման պարագայում Ուկրաինայի հարցով բանակցությունները կձախողվե՞ն, և այս դեպքում ի՞նչ հետևանքներ կլինեն։

-Եթե անգամ լինի համաձայնություն, այն ոչ թե գլոբալ կլինի, այլ հանգրվանային, փուլային․ մասնակի ժամանակավոր հրադադար, մարդասիրական բնույթի պայմանավորվածություններ և նման խնդիրներ։ Դեռևս տեսանելի չէ խաղաղության հաստատման բանակցային գործընթացի ելակետը։ 

-Թրամփն Իրանի հարցը կքննարկի Ծոցի երկրների ղեկավարների հետ։ Արդյո՞ք հնարավոր կլինի հասնել պայմանավորվածությունների։

-Այստեղ ևս կա Ծոցի երկրների անվտանգության նոր ճարտարապետության խնդիրը, գուցե՝ հավելյալ կախվածություն ԱՄՆ-ից։ ԱՄՆ-հութիներ պայմանավորվածությունը խոսում է իրավիճակի փոփոխությունների մասին։ Դեռ պարզ չէ՝ հութիներն ԱՄՆ-ի հետ պայմանավորվում են անկա՞խ Իրանից, թե՞ սա ԱՄՆ-Իրան միջնորդավորված պայմանավորվածություն է։ Հակված եմ երկրորդ տարբերակին։ 

-Ըստ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմը շուտով կավարտվի․ ինչ եք կարծում՝ ռեա՞լ է դա, թե՞ ոչ, նաև՝ հաշվի առնելով Իսրայելի գործոնը։ 

-«Շուտով»-ն արդեն քանիերորդն է։ Բայց, գուցե, կա ընդհանուր միտում՝ էներգետիկ ոլորտի ընդհանուր հանգուցակետերը կայունացնելու։ Այս պարունակում էլ ուրվագծվում է Իրանի դեմ պատերազմի ավարտի հնարավորությունը։ Իսկ կայունության համար համաձայնություն է պետք, ինչն իր հերթին փոխզիջումներ է ենթադրում։ Հութիների հետ պայմանավորվածությունը, չի բացառվում, ընկնում է այս տրամաբանության շրջածիրում։ Իսրայելը գիտակցում է, որ այս հակամարտությունն ի վերջո ավարտվելու է, և փորձում է մինչև այդ ձեռք բերել առավելագույնը՝ Լիբանանում, Սիրիայում, Ծոցի երկրների հետ իր հարաբերություններում։ Իսկ հաղթանակած ներկայանալը կարևոր է ներիսրայելյան հարթությունում՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունները։ 

-Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Չինաստանի հետ ընդունվող որոշումները որոշելու են տարածաշրջանի ապագա ռազմավարական հավասարակշռությունը և կարող են լայնածավալ հետևանքներ ունենալ։ Ի՞նչ ակնկալել այս առումով։ 

-Իրանն ուզում է ասել, որ առանձին չէ, և Չինաստանը կարող է ներգրավվել ընդհանուր հակամարտության մեջ։ Սա ուղերձ է ԱՄՆ-ին՝ ավելի հեռու չգնալու և համաձայնելու։ Չինաստանի ամբողջական ներգրավվածությունը դեռևս չի երևում։ Չինաստանը չի շեղվում տնտեսական լայնածիր քաղաքականությունից և նախընտրում է տնտեսական նվաճումներն իրականացնել առանց ռազմական բախումների։

Արման Գալոյան

Leave a Comment