Առանձին եվրոպական երկրները պետք է միավորեն իրենց տնտեսությունները՝ ստեղծելով «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»։ Այս կոչը արել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Գաբրիել Ատալը։
Նա կարծում է, որ 27 երկրներից բաղկացած ներկայիս Եվրոպան «հասել է իր սահմաններին» և չի կարող առաջ շարժվել ներկայիս համակարգի շրջանակներում։
Ատալը պարզաբանել է, որ ինքը չի պաշտպանում միասնական պետության ստեղծումը, այլ առանձին եվրոպական երկրների «տնտեսական և էկոլոգիական միաձուլումը»։ Այս կերպ, նրա կարծիքով, հնարավոր կլինի ստեղծել «տնտեսական, տեխնոլոգիական և էկոլոգիական տերություն»։
Միևնույն ժամանակ, ընդգծել է թեկնածուն, երկրները կպահպանեն իրենց ինքնիշխան լիազորությունները։ Սա վերաբերում է, մասնավորապես, ներքին անվտանգությանը, ռազմական հրամանատարությանը, դիվանագիտությանը և արդարադատությանը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ նման միաձուլման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի առաջին համաեվրոպական հանրաքվեի ժամանակ բոլոր այն երկրներում, որոնք ցանկանում են մասնակցել այս նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ պոտենցիալ Եվրոպայի Միացյալ Նահանգները կգլխավորի համաեվրոպական քվեարկությամբ ընտրված նախագահը, իսկ խորհրդարանը կկազմվի մասնակից երկրների կողմից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավորներից։