
Ռուսաստանի քաղաքացին Կալինինգրադի մարզից լողալով անցել է Նեման գետը դեպի Լիտվա, ապա քաղաքական ապաստան խնդրել։ Ըստ «Լիետուվոս Ռիտաս»-ի՝ նա ձերբակալվել է Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կողմից։
Մոտ 60 տարեկան տղամարդը ձերբակալվել է Պագեգյայի քաղաքապետարանի մոտ։
«Կալանավորված անձն ապաստան է խնդրել՝ պնդելով, որ Ռուսաստանում հետապնդվում է սոցիալական ցանցերում իր գործողությունների համար», – հրատարակությանը հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասը։
Նա նշել է, որ Լիտվայի իշխանությունները յուրաքանչյուր նման խնդրանքը գնահատում են անհատապես։ Նախարարի խոսքով՝ երկրի հետախուզական ծառայությունների հետ խորհրդակցություններից հետո կայացվել է հստակ որոշում. Ռուսաստանի քաղաքացին կվերադարձվի Ռուսաստան։
Օգոստոսին Լիտվայի խորհրդարանի անդամ և պաշտպանության նախկին նախարար Արվիդաս Անուշաուսկասը առաջարկել է կրճատել Ռուսաստանի քաղաքացիների համար հանրապետության տարածքով տարանցման ժամանակը մինչև վեց ժամ։