Ապամոնտաժվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան ապօրինի պարիսպը, հայտնել է Գլխավոր դատախազությունը (ԳԴ):
Ըստ գերատեսչության՝ Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների և շենք-շինությունների վերաբերյալ պետական շահերի պաշտպանության հայցն այժմ գտնվում է դատարանի վարույթում։
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող 70 հողամասերում քանդվել է ապօրինի կառուցված 205 հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ- լուծել և դադարեցրել է 2 վարձակալության պայմանագիր։
Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։
ԶԼՄ-ները նաև հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին՝ պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։
