Խաչատրյանի պաշտպանները պնդում են՝ բժշկին ՔԿՀ չեն թողել․ ԱՆ-ն արձագանքել է

Պետական եկամուտների նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Գերմանիայից Հայաստան ժամանած բուժող բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում զննել նրան, լրագրողներին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ Խաչատրյանի գործով սեպտեմբերի 18-ի դատական նիստից առաջ։

Սարգսյանի խոսքով՝ մերժումը հիմնավորվել է նրանով, որ օտարերկրյա բժիշկը Հայաստանում բժշկական օգնություն ցուցաբերելու համար պետք է լիազոր մարմնի թույլտվություն ստանա։ Փաստաբանը, սակայն, նշել է, որ Գերմանիայից ժամանած բժիշկը Խաչատրյանի բուժող բժիշկն է և նախատեսում էր միայն զննել նրան ու խորհրդատվություն տրամադրել։

«Ակնհայտ ձևական նպատակ ունեն՝ ընդհանրապես թույլ չտալ Խաչատրյանի մոտ անկախ բժշկի մուտքը։ Իրենք փորձում են ապահովել իրենց նախընտրած բժիշկներին, և դա որևէ վստահություն չի ներշնչում»,- հայտարարել է Սարգսյանը։

Այսօր ավելի վաղ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտնել էր, որ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Պաշտպանների պնդմամբ՝ Խաչատրյանը կալանավորումից և ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն և անհրաժեշտ հետազոտություններ չի անցել։ Պաշտպանական կողմը ստեղծված իրավիճակում «խոշտանգման լրջագույն հատկանիշներ» է տեսել։

Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանն ավելի ուշ արձագանքել է պաշտպանական կողմի հայտարարություններին՝ նշելով, որ Խաչատրյանը և մյուս ազատազրկված անձինք «օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում»։

«Ազատազրկվածներն անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության:
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,- նշել է ԱՆ խոսնակը։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ավելի ուշ մեկնարկել է Խաչատրյանի գործով դատական նիստը։ ՊԵԿ նախկին նախագահին կրկին դատարան են տեղափոխել պատգարակով։

«Ազատությունը» գրել է, որ ինչպես նախորդ նիստում, դատարանն այս անգամ նույնպես լրագրողներին թույլ չի տվել տեսանկարահանել նիստը, թեպետ Խաչատրյանն առարկություն չի հայտնել։ Սարգսյանը հայտարարել է, թե դատարանն այս կերպ խոչընդոտում է հրապարակային դատաքննությանը։ Նշվում է, որ նիստին ներկա է նաև Խաչատրյանին վիրահատված գերմանացի պրոֆեսորը։ 

Դատախազ Գևորգ Սարգսյանն այսօրվա նիստում միջնորդել է Խաչատրյանից բռնագանձել 10 միլիարդ դրամ, որը, ըստ մեղադրող կողմի, նախկին պաշտոնյայի կողմից «պետության պատճառած վնասի չափն է»։ Պաշտպանական կողմն անհիմն է որակել դատախազի պահանջը։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։ Պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Կարդացեք նաև՝ 

«Խաչատրյանի կյանքն ու առողջությունը վտանգված են»․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Leave a Comment