Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Խաչատուրովի քրեական հետապնդումը – armeniatoday.am

Մարտի 1-ի գործով դատական նիստում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները դատարանին միջնորդել են դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ պնդելով, որ մեղադրանքի առաջադրման պահին նա օգտվել է անձեռնմխելիությունից։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն հիմնավորմամբ՝ այդ ժամանակ Խաչատուրովը զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և օգտվում էր այդ կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից։

Ըստ պաշտպանական կողմի՝ Խաչատուրովը գտնվել է Մոսկվայում, երբ հայկական իրավապահ մարմիններից ստացել է որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցումը։ Նա Հայաստան է եկել ծանուցումից հետո, սակայն մինչև հարցաքննությունը կամ որևէ այլ քննչական գործողություն նրան մեղադրանք է առաջադրվել։

Պաշտպանները շեշտել են, որ Խաչատուրովը Հայաստան է եկել հենց ծանուցման հիմքով, ոչ թե արձակուրդի կամ աշխատանքային այցի շրջանակում։

Պաշտպանական կողմը հղում է արել Խաչատուրովի կարգավիճակն ու անձեռնմխելիությունը կարգավորող միջազգային համաձայնագրերին, ինչպես նաև 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային։

Փաստաբանների խոսքով՝ եթե հայկական կողմն անհրաժեշտ էր համարում Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, կարող էր սպասել նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին կամ նախաձեռնել նրան պաշտոնից հետ կանչելու գործընթաց և միայն դրանից հետո կատարել համապատասխան դատավարական գործողությունները։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ միջազգային պայմանագրով նախատեսված անձեռնմխելիության պահանջների խախտմամբ իրականացված գործողությունները չպետք է մնան առանց դատավարական հետևանքի։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն առարկել է միջնորդությանը։ Նա նշել է, որ Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է, հետևաբար Հայաստանի իրավապահ մարմիններն իրավասու էին նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր գործառույթներն իրականացնելիս անձեռնմխելիությունից օգտվում է ընդունող պետության տարածքում, մինչդեռ Հայաստանում Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել։ Հանրային մեղադրողը հավելել է, որ Խաչատուրովին վերագրվող արարքը վերաբերում է Մարտի 1-ի իրադարձություններին և կապված չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների իրականացման հետ։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ միջազգային պրակտիկայում չի հանդիպել դեպքի, երբ նման կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձի նկատմամբ այդպիսի ընթացակարգ կիրառվի։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, քանի որ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է մինչև նրա պատգամավոր դառնալը։ 

Դատական գործն առնչվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, երբ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթող էր հայտարարվել Սերժ Սարգսյանը, Երևանում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր։ Ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր տասը մարդ։ Այդ ժամանակահատվածում երկրի նախագահը դեռ Քոչարյանն էր։

2021 թվականի ապրիլին դատարանը մարտի 1-ի գործով  դադարեցրել էր Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՔՕ 300.1-րդ հոդվածով և արդարացրել նրան՝ Սահմանադրական դատարանի կողմից այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո։

2024 թվականի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանել էր ստորադաս դատարանների որոշումները և Քոչարյանի ու մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Դատախազը հայտարարել էր, որ գործը քննվելու է զրոյից, իսկ մեղսագրվող արարքների իրավական որակումները՝ փոխվելու։Նոյեմբերին Քոչարյանին և Խաչատուրովին նոր մեղադրանքներ էին առաջադրվել։

Leave a Comment