Թեհրանը TRIPP-ի քարտեզին ավելացնում է Հյուսիս-Հարավը

Թեհրանը TRIPP-ի քարտեզին ավելացնում է Հյուսիս-Հարավը
1in.am  TRIPP-ի շուրջ իրանական խոսույթում կարևոր փոփոխություն է տեղի ունենում։ Թեհրանն արդեն սահմանում է նաև այն շահերը, որոնք ցանկանում է տեսնել տարածաշրջանային նոր հաղորդակցությունների համակարգում։


 


Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նախօրեին բավական հստակ բանաձև առաջարկեց․ Հայաստանը TRIPP-ի շրջանակում ճանապարհ է բացում Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև, Ադրբեջանն էլ պետք է Նախիջևանով ապահովի Հայաստանի երկաթուղային կապը Իրանի հետ։ Դեսպանը կոնկրետ նշեց Երասխ–Ջուղա ուղղությունը և այն կապեց Պարսից ծոց–Սև ծով ավելի մեծ հաղորդակցային համակարգի հետ։


 


Սա կարևոր նորություն է։ Իրանի նախկին դիրքորոշման կենտրոնում հիմնականում երեք հարց էր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Սյունիքի նկատմամբ որևէ արտատարածքային կարգավիճակի բացառումը և Իրանի սահմանների մոտ անվտանգության նոր սպառնալիքի կանխումը։ Այդ կարմիր գծերը պահպանվում են։ Շիրղոլամին կրկին վերահաստատեց, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար սկզբունքային պայման են, իսկ Իրանի դեմ օգտագործվող ամերիկյան ներկայությունը անընդունելի կլինի։ Միաժամանակ նա արձանագրեց, որ այս պայմանների պահպանման դեպքում Իրանը TRIPP-ին առարկելու պատճառ չի տեսնում։


 


Այժմ դրան ավելացել է դրական օրակարգ՝ երկաթուղի։ Այս փոփոխությունը կարևոր է նաև այն պատճառով, որ Իրանը TRIPP-ը սկսում է դիտարկել սեփական տարածաշրջանային հաղորդակցությունների տեսանկյունից։ Դեսպանի բանաձևը բավական տրամաբանական է․ Հարավային Կովկասում բացվող ճանապարհները չեն կարող ծառայել միայն Ադրբեջանի արևելք-արևմուտք կապին։ Հայաստանը նույնպես պետք է ստանա նոր ելքեր, իսկ Իրանը՝ ավելի ուղիղ կապ դեպի հյուսիս և Սև ծով։


 


Երասխ-–Ջուղա գիծը այս իմաստով նոր գաղափար չէ։ Դեռ 2021–2022 թվականներին տարածաշրջանային երկաթուղիների ապաշրջափակման շուրջ բանակցություններում քննարկվում էր Երասխ-Ջուղա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային շղթան։ Հայաստանի կառավարությունն այն ժամանակ ևս ընդգծում էր, որ այդ ճանապարհը Հայաստանին երկաթուղային հասանելիություն կտա Իրանի ուղղությամբ, Ադրբեջանին՝ Նախիջևանի։


 


TRIPP-ն այս հին քարտեզին նոր աշխարհաքաղաքական և ֆինանսական շրջանակ է տալիս։


 


Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի կապ Հայաստանի տարածքով՝ ամբողջությամբ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Փաստաթուղթը միաժամանակ խոսում է նաև Հայաստանի միջազգային և ներպետական հաղորդակցությունների համար փոխադարձ օգուտների մասին։


 


Հենց «փոխադարձ օգուտ» ձևակերպումն է Իրանի դեսպանը հիմա լրացնում կոնկրետ աշխարհագրությամբ։ Հայաստանը Ադրբեջանի համար բացում է արևելք-արևմուտք կապ։ Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային կապի վերականգնումը Հայաստանին կարող է կրկին միացնել Իրանի երկաթուղային ցանցին։ Այդ դեպքում իրանական բեռները Հայաստանի տարածքով հնարավորություն կունենան հասնելու Վրաստան ու Սև ծով, իսկ հետագայում՝ նաև Թուրքիայի և եվրոպական շուկաների ուղղությամբ։ Հայաստանի իշխանություններն արդեն հրապարակայնորեն խոսել են այս հնարավորության մասին՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի ավելի լայն տնտեսական ազդեցության մաս:


 


Այսպիսի կառուցվածքը շատ ավելի հետաքրքիր է Հայաստանի համար, քան պարզապես տարանցիկ ճանապարհի տրամաբանությունը։ Երկաթուղային հանգույցի արժեքը աճում է կապերի քանակով։ Երասխից դեպի Նախիջևան և Իրան գործող գիծը Հայաստանը կարող է միացնել Պարսից ծոցի շուկաներին։ Ախուրյանի և Կարսի ուղղության վերագործարկումը կարող է նույն ցանցը հասցնել Թուրքիա։ Վրաստանի ուղղությունը Հայաստանին կապում է Սև ծովի նավահանգիստների հետ, իսկ TRIPP-ը դեպի արևելք բացում է Ադրբեջանի, Կասպից ծովի և դրանից այն կողմ՝ Կենտրոնական Ասիայի ճանապարհը։ Այս ամբողջ համակարգում Հայաստանի աշխարհագրությունը այլ նշանակություն է ստանում։ Երկիրը կարող է դառնալ մի քանի երթուղիների հատման կետ՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղությունների միաժամանակյա աշխատանքով։


 


Իրանի համար էլ հաշվարկը հասկանալի է։ Թեհրանը վաղուց հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցությամբ։ Իրանական երկաթուղային համակարգը Ջուղայով արդեն հասնում է Նախիջևան։ Երասխի հատվածի վերականգնումը կբացի դեպի Հայաստան շարունակվող ուղի։


 


Այսպիսով, TRIPP-ի շուրջ իրանական քաղաքականությունը ավելի գործնական փուլ է մտնում։ Թեհրանը պահպանում է իր անվտանգային սահմանափակումները և միաժամանակ փորձում է նոր համակարգում ամրագրել սեփական հաղորդակցային շահը։


 


Ադրբեջանական Modern.az-ի արձագանքը Հայաստանում Իրանի դեսպանի այս հայտարարությանը դրա հետաքրքիր ցուցիչն է։ Լրատվամիջոցը դեսպան Շիրղոլամիի խոսքը ներկայացնում է որպես Ադրբեջանին ուղղված «պահանջ» և այն գնահատում դիվանագիտական սահմանները գերազանցող հայտարարություն։


 


Իրանի առաջարկը տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ մեկ կարևոր սկզբունք է առաջ բերում՝ փոխադարձությունը պետք է երևա նաև ճանապարհների ու երկաթուղիների կառուցվածքում։


 


Հայաստանի տարածքով Ադրբեջանը ստանում է կապ Նախիջևանի հետ, իսկ Նախիջևանի միջոցով Հայաստանը կարող է վերականգնել երկաթուղային ելքը դեպի Իրան։ Իրանը դրանով ստանում է ավելի ուղիղ կապ Հայաստանի և Սև ծովի ուղղությամբ, իսկ Հայաստանը միաժամանակ ուժեղացնում է իր դիրքը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք հաղորդակցային առանցքներում։


 


Այս կառուցվածքում հաղորդակցությունների ապաշրջափակումն ստանում է ավելի հավասարակշռված և փոխշահավետ տրամաբանություն։


 


TRIPP-ի ռազմավարական արժեքը Հայաստանի համար զգալիորեն կմեծանա, եթե Սյունիքով ձևավորվող արևելք-արևմուտք կապին զուգահեռ վերագործարկվի նաև Երասխ-Ջուղա հյուսիս-հարավ երկաթուղին։ Այդ դեպքում Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ հատվում են Կասպից ծովի, Իրանի, Սև ծովի և եվրոպական ուղղությունները։


 


Իրանի դեսպանի հայտարարության հիմնական նշանակությունն էլ սա է․ Թեհրանը TRIPP-ը չի դիտարկում որպես փակուղի։ Նա փորձում է այն ներառել ավելի լայն հաղորդակցային համակարգի մեջ, որտեղ շահ ունեն նաև Հայաստանն ու Իրանը։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment