18 Սեպտեմբերի 2026, 14:30
Ադրբեջանին, Թուրքիային և այլ թեմաներին վերաբերող հարցերի վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցչի պատասխանները, որպես կանոն, հանգում են նույն բանին․ կոնկրետ հարցերին ուղղակի պատասխան չկա։ Փոխարենը հնչում են ընդհանուր հայտարարություններ այն մասին, որ այդ հարցերը քննարկվում են գործընկերների հետ և ներառվում բանակցությունների օրակարգում։ Միևնույն ժամանակ, բացակայում են կոնկրետ տեղեկատվությունն ու հստակ քաղաքական դիրքորոշումը։ Փաստացի ամեն ինչ սահմանափակվում է այն արձանագրելով, որ հարցը բարձրաձայնվել է։
Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել է Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարիա Զախարիան, որը նախկինում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին գրավոր հարցում էր ուղարկել՝ կապված Եվրամիության և Բաքվի հարաբերությունների հետ։
Հիշեցնենք, որ հարցը վերաբերում էր այն հանգամանքին, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական էներգետիկ ու տրանսպորտային կապերի ընդլայնումը հակասում է ԵՄ պայմանագրի 2-րդ, 3(5)-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածներին։
«Իմ հարցը չափազանց կոնկրետ էր․ այն վերաբերում էր մարդու իրավունքների պահպանման երաշխիքներին, Բաքվում պահվող հայ գերիների վիճակին և մարդու իրավունքների այլ խախտումների դեպքերին։ Մեզ չի կարող բավարարել այնպիսի պատասխանը, որը փաստացի թույլ է տալիս ԵՄ-ին խուսափել սեփական պարտավորություններից։ Խոսքը, մասնավորապես, Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի և այն մասին է, թե ինչպես պետք է նրանց վիճակն արտացոլվի Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններում։ Սակայն բարձր ներկայացուցչի պատասխանը, ինչպես եվրոպական կառույցների բազմաթիվ այլ պատասխաններ, կրկին սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով և չի պատասխանում մեր կողմից բարձրացված կոնկրետ հարցերին։
Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ ենք համարում պահանջել ոչ միայն հաստատում, որ այս կամ այն հարցը «ներառված է օրակարգում», այլև կոնկրետ պատասխաններ՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ԵՄ-ն, ի՞նչ պահանջներ են ներկայացվում գործընկերներին և ինչպե՞ս է ապահովվում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Նրանք (ԵՄ ղեկավարությունը՝ խմբ.) գործում են մեծամասնության կամքին հակառակ։ Մեր կարծիքով՝ սա իրենց լիազորությունների չարաշահում է, Եվրամիության հիմքում ընկած կանոնների և պայմանագրերի անտեսում։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ձևավորելու և արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Սակայն մեզ հաճախ խանգարում են այդ տեղեկատվությունը հասցնել մարդկանց, հատկապես հաշվի առնելով, որ խոշոր քաղաքական խմբակցություններն ու քաղաքական գործիչների մեծ մասը ներգրավված են այս քաղաքական խաղի մեջ։
Ուստի մենք ստիպված ենք մշտապես պայքարել՝ այս հարցերը բարձրաձայնելու, քաղաքացիներին մոբիլիզացնելու և նրանց բացատրելու համար, որ սահմանված կանոնները չեն պահպանվում։ Քաղաքացիները չպետք է քվեարկեն քաղաքական գործիչների օգտին և նրանց պատվիրակեն այստեղ», — հայտարարել է Զախարիան։
Անդրադառնալով Ալիևի՝ Եվրախորհրդարանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, երբ նա կառույցն անվանել էր կոռումպացված, ինչպես նաև այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի նկատմամբ ԵՄ ղեկավարության թույլ դիրքորոշումը չի դարձել նման կտրուկ հայտարարությունների պատճառ, եվրապատգամավորն ընդգծել է․
«Եթե ԵՄ ղեկավարությունը վճռական դիրքորոշում չի զբաղեցնում տեղի ունեցողի նկատմամբ, ապա, իհարկե, դա Ալիևին հնարավորություն է տալիս ավելի ու ավելի բացահայտ հարձակումներ գործելու, նոր խնդիրներ բարձրացնելու և նույնիսկ քննադատելու ԱՄՆ-ին, որը, նրա կարծիքով, ԵՄ-ի նկատմամբ որևէ միջոց չի ձեռնարկում։ Այս ամենը, ի վերջո, թուլացնում է ԵՄ-ի դիրքերը և խարխլում վստահությունը նրա կառույցների ու կանոնների նկատմամբ։
Մենք կարծում ենք, որ ԵՄ ղեկավարությունը բազմաթիվ հարցերում գիտակցաբար ընտրել է այն ուղին, որի դեպքում սեփական քաղաքական և տնտեսական շահերը վեր են դասվում Եվրամիության հիմքում ընկած կանոնների ու սկզբունքների պահպանումից։ Սակայն նման քաղաքականությունն ի վերջո թուլացնում է հենց ԵՄ-ին։ Սա փաստացի նշանակում է «ինքն իրեն ոտքից կրակել»․ վաղ թե ուշ սեփական կանոններից և պարտավորություններից հրաժարվելը կշրջվի հենց Եվրամիության դեմ»։