Երևանի կողմից «ռեյդերային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է ոչ բարեկամական քաղաքականություն և բացահայտ «երկակի ստանդարտներ»։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։
«Հաջորդ թիրախները («ռեյդերային զավթումների»՝ խմբ.) կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- լրագրողներին ասել է Շևցովը։
Նրա խոսքով՝ շրջանառվում են այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության, գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասի, ինչպես նաև աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին թեզեր։
«Սա արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվելու հարկադրելու համար»,- պարզաբանել է Շևցովը։