«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Տաջիկստանի 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ալիշեր Ռախիմովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռախիմովը կարիերան սկսել է Տաջիկստանի «Բարքի» ակումբում։ 2022 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի «Ամկալ», որը հանդես էր գալիս Մեդիալիգայում, ապա կարիերան շարունակել է նույն մրցաշարը ներկայացնող «Բրոուք Բոյզում»։
2025 թվականի մարտին Ռախիմովը միացել է Բելառուսի «Սմորգոնին», իսկ մի քանի ամիս անց տեղափոխվել «Նաֆթան»։ Բելառուսի բարձրագույն խմբում նա անցկացրել է 22 հանդիպում և խփել չորս գոլ։
Մինչև «Փյունիկ» տեղափոխվելը Ռախիմովը հանդես է եկել Տաջիկստանի «Ռավշանում», որի կազմում անցկացրել է ութ հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը նաև մեկ հանդիպում է անցկացրել Տաջիկստանի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում։
Ռախիմովը 2025 թվականի հունվարին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Փյունիկի» ուսումնամարզական հավաքին։
Ավելի վաղ «Փյունիկը» մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո խզել էր համագործակցությունը գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Սեպտեմբերի 10-ին թիմը 4։2 հաշվով հաղթել էր «Սարդարապատին» և բարձրացել Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնական։
