Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Նիկողոսյանը, հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու վերաբերյալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Նիկողոսյանը մոտ երեք շաբաթ առաջ է հաղորդումը ներկայացրել, ինչից հետո Թոփչյանը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, որ ինքն է կնոջ կողմից ֆիզիկական բռնության ենթարկվել։
Քննչական կոմիտեն թերթին հաստատել է, որ Նիկողոսյանի հաղորդման հիման վրա Երևանի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել առանձին դաժանությամբ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու ու մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործության կասկածով։ Այս վարույթը այնուհետ կարճվել է։
«Հրապարակի» տեղեկություններով՝ Նիկողոսյանը հայտնել է, որ 2024 թվականին ամուսինը պարբերաբար ֆիզիկական բռնություն է կիրառել իր նկատմամբ։ Թերթը նշել է, որ Թոփչյանն այդ վարույթով որևէ կարգավիճակ չի ունեցել, իսկ դատաբժշկական փորձաքննությամբ 2024 թվականին բռնություն կիրառելու հանգամանքը չի հաստատվել։
Միևնույն ժամանակ ՔԿ-ից թերթին հայտնել են, որ Թոփչյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը մերձավոր ազգականի կողմից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երկու ամսով)։ Վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։
«Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»,- հայտնել են ՔԿ-ից։
