Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին պարտավորեցրել է 50 հազար եվրո (մոտ 57 հազար դոլար) վճարել զինծառայության ընթացքում մահացած Արթուր Մարգարյանի հորը՝ Պերճ Մարգարյանին։
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել արժանահավատորեն բացատրել զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան հանգամանքները և պատշաճ քննություն իրականացնել։
Սեպտեմբերի 17-ին հրապարակված վճռով դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ պետությունը չի կատարել զինծառայողի կյանքի պաշտպանության և նրա մահվան հանգամանքները պատշաճ քննելու պարտավորությունները։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է 13-րդ հոդվածի խախտում, քանի որ Մարգարյանի հայրը չի ունեցել արդյունավետ իրավական միջոց՝ պետության պատասխանատվությունը պարզելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար։
Մարգարյանը մահացել է 2014-ին։ Նա պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում և կրծքավանդակի հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում։ Դեպքի օրը քրեական վարույթ էր սկսվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն 2016 թվականի փետրվարին քննությունը դադարեցվել էր։ Քննչական մարմինը եզրակացրել էր, որ Մարգարյանն ինքն է իրեն մահացու հրազենային վնասվածք հասցրել։
ՄԻԵԴ-ը նշել է, որ քննությունն ի սկզբանե հիմնվել է ինքնասպանության վարկածի վրա և պատշաճ չի ուսումնասիրել այլ հնարավոր վարկածները։ Մասնավորապես, չեն պարզաբանվել դեպքերի ժամանակագրության և կրակոցի ձայնի վերաբերյալ վկաների ցուցմունքների հակասությունները։ Զենքի վրա Մարգարյանի կամ այլ անձանց նույնականացվող մատնահետքեր չեն հայտնաբերվել, իսկ փորձագետները չեն կարողացել որոշել կրակոցի հեռավորությունը, ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, լրջորեն խոչընդոտել է մեկ այլ անձի կողմից կրակելու վարկածը վերջնականապես բացառելուն։
Բացի այդ, կրակոցի հետքերի առկայության համար ստուգված չորս զինծառայողից մեկի մոտ հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք կարող էին համապատասխանել կրակոցի հետքերին, սակայն այդ հանգամանքը հետագայում պատշաճ չի ուսումնասիրվել։
ՄԻԵԴ-ը քննությունը գնահատել է անբավարար և ոչ պատշաճ՝ եզրակացնելով, որ դրա արդյունքները չեն կարող հուսալի համարվել։ Դատարանը նաև նշել է, որ Մարգարյանի հայրը Հայաստանում չի ունեցել քրեական քննության արդյունքից անկախ արդյունավետ իրավական հնարավորություն՝ պետական մարմինների պատասխանատվությունը պարզելու և փոխհատուցում ստանալու համար։
Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Պերճ Մարգարյանին վճարել 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
