Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն այժմ չի քննարկվում, և առկա խնդիրը հաջողվել է հաղթահարել։ Այդ մասին դեսպանն ասել է «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ընթացքում։
Նա նշել է, որ TRIPP նախագիծն ամբողջությամբ չի արտացոլել այն նպատակներն ու խնդիրները, որոնք Անկարան և Բաքուն առաջադրել էին՝ արտատարածքային միջանցք ստանալու ցանկությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք բանակցությունների սեղանին, և ինչի մասին խոսում են հայ գործընկերները, ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանում»,- ասել է դիվանագետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից կազմված համատեղ հռչակագիր։ Փաստաթղթով նախատեսվել է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ստեղծել ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որը ստացել է «Թրամփի ուղի» (TRIPP) անվանումը և Ադրբեջանին առևտրային հասանելիություն է ապահովելու դեպի Նախիջևան։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նաև նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ ՀՀ–ն ամերիկյան կողմին հողը 99 տարով վարձակալության չի տրամադրում, այլ կառուցապատման իրավունք է տալիս։ 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։