«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերահսկող հանձնաժողովը քննարկում է Հայկ Սարգսյանին և Ավետ Կոնջոյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական իր աղբյուրներին։ Հայկ Սարգսյանն ԱԺ նախկին պատգամավոր է, իսկ Ավետ Կոնջոյանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբայրը։
Թերթի տվյալներով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է առկա փաստերն ու նրանց վերաբերող հրապարակումները, որից հետո վերջնական որոշում կկայացնի։ Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները պնդում են, որ ՔՊ ղեկավարությունն արդեն որոշել է նրանց հեռացնել կուսակցությունից, իսկ որոշման պաշտոնական ձևակերպումը ժամանակի հարց է։
«Իրավունք» թերթն տվյալներով՝ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, փորձում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ որդու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Ըստ պարբերականի՝ նա այդ նպատակով դիմել է տարբեր միջնորդների, սակայն նրանք հրաժարվել են օգնել՝ չցանկանալով Փաշինյանի հետ խնդիրներ ունենալ։
Փաշինյանը Սարգսյանի հետ կուսակցության հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ իր հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։
Օգոստոսի 3-ին Կոնջորյանի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հուլիսի 25-ի գիշերը նա ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
