Իրանի դեսպանը կոչ է արել ստեղծել TRIPP-ի շուրջ ՀՀ-ի հետ կարծիքների փոխանակման միջոց

Թեհրանը մտահոգված է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստան-Իրան սահմանին ԱՄՆ-ի ներկայությամբ և անհրաժեշտ է համարում Երևանի հետ մեխանիզմ ստեղծել՝ այդ նախաձեռնության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ Թեհրանը լուրջ մտահոգություններ ուներ Հայաստան-Իրան սահմանին ամերիկյան ներկայության կապակցությամբ՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ։

Նշելով, որ Թեհրանն իր դիրքորոշման մասին տեղեկացրել է հայկական կողմին՝ նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունների պայմաններում կողմերը կարող են պատշաճ կերպով կարգավորել այդ հարցը։

«Այս նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգություններին արձագանքելու լավագույն տարբերակը Հայաստանի կառավարության հետ համատեղ, ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծումն է, որի միջոցով մենք կարող ենք կարծիքներ փոխանակել, քննարկել առկա մտահոգությունները և կառավարել ի հայտ եկող ռիսկերը։ Նման ձևաչափի առկայությունը կենսական նշանակություն ունի», – հայտարարել է Շիրղոլամին։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ինչպես Հայաստանն է փորձում աջակցել Ադրբեջանին TRIPP նախագծի շրջանակներում Նախիջևանի հետ կապ հաստատելու հարցում, այնպես էլ Ադրբեջանը պետք է «պատասխանատու կերպով ապահովի» Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։

Երասխի և Ջուղայի միջև երկաթուղային գծի կառուցումը կարող է նոր ներուժ բացել Հայաստանի համար՝ այն վերածելով առանցքային հանգույցի, որը կմիավորի Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովի հետ, հավելել է դիվանագետը։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» նախագծին՝ նա նշել է, որ այն պարունակում է տարրեր, որոնք սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։ Դեսպանը կարծիք է հայտնել, որ Երևանն ԱՄՆ-ին ներգրավել է որպես «հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Բաքվի և Անկարայի ճնշումը մեղմացնելու համար»։

Նա հայտարարել է, որ հզոր Հայաստանը բխում է Թեհրանի շահերից՝ ընդգծելով, որ հանրապետությունը կենսական նշանակություն ունի Իրանի համար՝ ինքնության և քաղաքակրթության տեսանկյունից։ Դեսպանը հայտարարել է, որ Իրանը կորդեգրի «շատ հստակ և վճռական» դիրքորոշում, եթե վտանգվի Հայաստանի ինքնիշխանությունը։ Շիրղոլամին TRIPP նախագիծը բնութագրել է որպես պատմական փորձություն, որը ցույց կտա հայկական կողմի հեռատեսության և իմաստնության աստիճանը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կորդեգրի այնպիսի դիրքորոշում, որը կապահովի երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անխախտելիությունն ու տնտեսական շահերի պաշտպանությունը՝ առանց վնասելու հարևան երկրների հետ հարաբերությունները։

TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։ Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։

Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որի 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կհասնի 49%-ի։

Leave a Comment