ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը քննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման կամ փոփոխման հարցը։
Դատարանը որոշել է ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումն անվանել էր «քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորում»։ «Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Դատարանը, մասնավորապես, կքննի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման կամ փոփոխման հարցը։
Կարապետյանին կալանավորել էին 2025 թվականի հունիսին՝ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ կիրառվել էին տնային կալանք և գրավ։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, իսկ հուլիսի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը։ Կարապետյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով, հետագայում՝ նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ, այդ թվում՝ փողերի լվացման և հարկեր ու տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և դրանք համարում է քաղաքական հետապնդում։
Նախորդ՝ սեպտեմբերի 11-ի դատական նիստում Կարապետյանի գործով վկան հրաժարվել էր ցուցմունք տալ։
