Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտից հայտարարեցին քաղաքական պայքարի նոր փուլի մասին։ Ընդ որում, խոսվում էր ոչ միայն խորհրդարանական աշխատանքի, այլև արտախորհրդարանական, մասնավորապես՝ փողոցային պայքարի մասին։
Ընտրություններից ամիսներ անց, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ դեռ չեն սկսել իրենց պայքարը, ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը գործում խորհրդարանում, և որքանո՞վ են միանման խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի մոտեցումները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, սակայն, պնդում են՝ ընդդիմադիր պատգամավորների աշխատանքն անարդյունավետ է.
«Սկզբից էլ, հենց որ մանդատները սկսեցին վերցնել, այն ամբողջ աղմուկը, որ բարձրացնում էին, իբրև թե խնդիրներ են եղել ընտրությունների ժամանակ, բայց մանդատները վերցրեցին, եկան՝ համոզելով իրենց ընտրողներին, թե գնում են պայքարելու, որպեսզի կարողանան ինչ-որ բան փոխել (խորհրդարանական պայքարն էլ է կարևոր), և, ինչպես տեսնում ենք, ժամավաճառությամբ են զբաղված»։
Ընդդիմադիր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին այս գնահատականները, սակայն, ընդդիմադիր դաշտում չեն ընդունում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ աշխատանքը երկու ուղղությամբ է՝ խորհրդարանական և փողոցային պայքարի․
«Մեր քաղաքական պայքարը երկու տարրից է բաղկացած՝ ինստիտուցիոնալ պայքար ԱԺ-ում, և նաև փողոցային պայքար, որը որ լինելու է մի անգամ, լինելու է մի օր, սկսվելու է, մեկ անգամ մեկնարկելու է, և այդ մի անգամը լինելու է հաղթական»։
Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ տարբեր տեսլականներ ունեն․
«Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցությանը, իրենք ունեն, բնականաբար, իրենց տեսլականը, մենք ունենք մեր տեսլականը․ այսինքն՝ տարբեր քաղաքական ուժերի մասին է խոսքը»։
Ընդհանուր հարցերի շուրջ հնարավոր է համագործակցություն։ Բայց արդյո՞ք դա բավարար է միասնական քաղաքական օրակարգի մասին խոսելու համար։
«Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը հենց այստեղ է ընդգծում տարբերությունները․
«Չէ՛, գիտեք, շատ-շատ հարցեր կան, որ իրանք ուրիշ դիրքորոշում ունեն, մենք՝ ուրիշ դիրքորոշում։ Բայց կա ազգային ուղեծիր, որը որ մենք տեսնում ենք, որտեղ որ կա նմանություն ու նույն ուղղություն։ Այսինքն՝ իրենք էլ են տեսնում, որ ալիևյան սահմանադրություն է, մենք էլ ենք տեսնում, իրենք էլ են տեսնում, որ նույն Տիգրանաշենի հետ կապված կան խնդիրներ, մենք էլ ենք տեսնում»։
Խնդիրը տեսնում են, բայց մի օրակարգի շուրջ համախմբվել, կարծես թե, չեն պատրաստվում։
Ուրեմն նույն խնդիրը տեսնելը դեռ չի նշանակում նույն կերպ լուծում առաջարկել։
Ընդդիմադիր երկու ուժերի դիրքորոշումների տարբերությունը Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է նաև խորհրդարանական քվեարկությունների օրինակով․
«Կան խնդիրներ, մենք ուրիշ ձև ենք պատկերացնում․ նույն քվեարկությունը՝ մենք կողմ ենք քվեարկում, իրենք ձեռնպահ կամ դեմ են լինում, կամ հակառակն է լինում»։
Մինչ այդ, Ալխաս Ղազարյանը պնդում է՝ ընդդիմությունը խորհրդարանում հիմնականում խոսում է, բայց արդյունք չի ստեղծում․
«Իրենց պատգամավորներից մեկն իր ելույթում փաստում է՝ ինչքան երկար են մնում աշխատանքի վայրում, այդքան արդյունավետ են աշխատում։ Հասկանալի է, որ նոր պատգամավորներ են, չեն պատկերացնում՝ ինչպիսի գործառույթ ունի պատգամավորը․ արդյոք այդ երկար մնալուց ու նույն թեմաներով բոլորով տարբեր տեքստերով խոսելուց որևէ քաղաքացու կյանքի բարելավում ապահովվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի վերջո, ԱԺ աշխատանքը ժամով պայմանավորված չէ»։
Պատգամավորի գնահատմամբ՝ քաղաքական պայքարի փոխարեն ընդդիմադիր պատգամավորները զբաղված են մեկ այլ աշխատանքով․
«Իսկապես իրանք անբովանդակ են, և որևէ բովանդակային բան չեք լսի իրենցից կամ կազմակերպված ինչ-որ մի գործառույթ իրականացնեն ի շահ ՀՀ քաղաքացու․ ապա ի՞նչ են անում՝ դեգերում են օտարերկրյա հարևանների, նախկին դաշնակիցների [լրատվամիջոցներում/էջերում], որպեսզի տեսնեն՝ Հայաստանի մասին ինչպիսի լուրեր կան, ինչ են խոսում, և ամեն իրենց ելույթում հարևաններին, ղեկավարներին շեշտադրեն, որպեսզի ցույց տան, որ իրենք ինչ-որ մի բանի տիրապետում են»։
Մինչ այդ, ընտրություններից հետո հնչած «նոր մակարդակի պայքարի» հայտարարությունների ֆոնին հիմնական հարցը մնում է նույնը՝ ընդդիմությունը խորհրդարանում ի՞նչ է փոխում այսօր, և որքանո՞վ է պատրաստ այն պայքարին, որի մասին հայտարարում էր ընտրություններից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
