Պուտինը վախեր ունի. Վարդանյան | Radar Armenia

Պուտինը վախեր ունի. Վարդանյան

«Պուտինը վախենում է ավարտել պատերազմը ճակատից վերադարձող զինվորների պատճառով»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շեշտել, որ նա շարունակելու է փորձության ենթարկել Եվրոպան: 

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Զելենսկին հայտարարել է նաև, որ զինվորները կվերադառնան զայրացած և դուրս կգան իր դեմ։ Նման սցենարը սպասելի՞ է։ 

-Զելենսկու հայտարարությունը հիմնավոր է, որովհետև Պուտինը, Ուկրաինայի դեմ ագրեսիան սկսելուց առաջ, խոսում էր, որ շատ կարճ ժամանակում կլուծի Ուկրաինայի հարցը, իրենց քարոզիչները խոսում էին Կիևը երեք օրում գրավելու մասին․ բայց արդեն չորրորդ տարին է ընթանում պատերազմը, և իրենք իրենց նպատակին չեն հասնում։ 1 միլիոնից ավելի զոհեր ու վիրավորներ ունեն, երկրի տնտեսությունը ծանր վիճակում է։ Եվ չնայած նրան, որ իրենք ամեն միջոցով դեմ խոսքը, ցանկացած այլընտրանքային միտք ճնշում են, բայց գալու է մի պահ, որ Ռուսաստանի հասարակությունը պահանջներ է ներկայացնելու Պուտինին, պարզաբանումներ է պահանջելու, թե ինչ տվեց այդ պատերազմը Ռուսաստանին և այլն։ Պուտինն էլ վախեր ունի, որ ինչ-որ պահի իրենից էլ են պատասխան պահանջելու, և դա բնական է, որովհետև այն չափի զոհեր և վիրավորներ, որ ունեցել է Ռուսաստանն այս պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չեն եղել։

-Զելենսկին որպես նախադեպ հիշատակում է «Վագների» ապստամբությունը։ Արդյո՞ք դա կարող ենք համարել նախադեպ, որը «կվախեցնի» ՌԴ նախագահին։

-«Վագների» ապստամբությունն իրոք աննախադեպ էր, Պուտինի աչքն էլ շատ վախեցավ դրանից, որովհետև նա նույնիսկ ստիպված եղավ փախչել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։ Եվ մի պահ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ երկրում վախենում էին, որ կարող է հեղաշրջում լինել։ Դրա համար ինքը հետագայում չներեց իր սիրելի օլիգարխին, որը կազմակերպել էր այդ ամենը, և նրան էլ սպանեց։ Այնպես որ, այո՛, կարող են նոր հեղաշրջման փորձեր, խռովություններ լինել, և Պուտինը նաև դրանից է վախենում։ Բավական է նշել, որ այս վերջին մի քանի տարիների ընթացքում, չնայած պատերազմի ահռելի ծախսերին, նա նաև ավելացրել է իր անվտանգության նպատակով արվող ծախսերը։ Լրագրողները պարզել էին, որ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար արված ծախսերը կազմում էին Բրյանսկի մարզի բյուջեի մոտ 80%-ը, այսինքն՝ ահռելի գումարների մասին է խոսքը։ Ահռելի ծախսեր է կատարում իր անվտանգության ապահովման համար, մինչդեռ հասարակ ռուսաստանցիները շատ անապահով են ԱԹՍ-ների հարվածներից։

-Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են ավարտել պատերազմը, և որ Ռուսաստանը պատրաստ է ողջամիտ փոխզիջումներ փնտրել։ Արդյո՞ք հնարավոր է հասնել փոխզիջման։ 

-Այն փոխզիջումները, որոնք Ռուսաստանն ակնկալում է Ուկրաինայից, անընդունելի են․ մասնավորապես՝ Ռուսաստանը պահանջում է, որ ամբողջ Դոնեցկի մարզն ինքը գրավի, թույլ տան գրավել կամ Զելենսկին հանձնի իրեն, ու նոր միայն դրանից հետո զինադադար ստորագրվի։ Բայց դա անընդունելի է, Զելենսկին որևէ սանտիմետր հենց այնպես չի զիջի․ հետևաբար, Պուտինը այնպիսի պահանջներ է դրել, որ ուղղակի հարցը տարել է փակուղի, և Զելենսկին երբեք չի գնա դրան։ Այնպես որ, այս փուլում իրատեսական չէ, որ այդ պահանջները կկատարվեն, մանավանդ որ Ուկրաինան ավելի ծանր փուլում էլ է եղել։ Պատերազմի առաջին օրերին ռուսական զորքը Կիևից 20 կիլոմետր հեռավորության վրա էր, հետևաբար հիմա շատ ավելի լավ վիճակում է ու չի ընդունի այդ պայմանը։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment