Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ՝ փոփոխություններ են արվում եկամտային հարկից վերադարձվող կրեդիտների համակարգում։ 2027-ից արդեն հնարավոր կլինի սոցկրեդիտներն ուղղել ոչ միայն կրթական ծախսերին, այլև հատկացումներ անել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, կուսակցություններին: Կառավարությունում մտադիր են նաև շեմ սահմանելու, որից բարձր աշխատավարձ ու եկամուտ ստացող քաղաքացիները սոցկրեդիտի վերադարձ չեն ունենա։ Փոխարենն ավելի շատ եկամտահարկի վերադարձ կսահմանվի ցածր եկամուտ ունեցողների համար։
Հայաստանում սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակն ընդլայնվում է։ Այժմ գործող եկամուտների հայտարարագրման համակարգով՝ քաղաքացիները ներկայացնում են տարեկան եկամուտները և սոցիալական կրեդիտների միջոցով հնարավորություն ստանում առողջապահական ու կրթությանն ուղղած ծախսերի մի մասը հետ ստանալ։ Առողջապահական ծախսերի համար արդեն եկող տարի կրեդիտի վերադարձ չի լինի։ Փոխարենը գործադիրում առաջարկում են ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի հաշվին, ըստ ցանկության, նաև այլ հատկացումների հնարավորություն ընձեռել։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան․ «Այս փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը` դրանում ներառելով հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին ու կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց կողմից վճարվող եկամտային հարկի հաշվին վերջիններս կարող են հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու ԱՁ–ներին ու կուսակցություններին»։
Նման հատկացումների համար հարկային մարմինը հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և կուսակցությունների ցանկեր կհրապարակի․ «Նախագծի նպատակը հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեությունը իրականացնող սուբյեկտների և կուսակցությունների ֆինանսական անկախության և թափանցիկության բարձրացման, ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման, բնակչության հետ կապի ամրապնդման նպատակով կառուցակարգերի ձևավորումն է։ Հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և կուսակցությունները կոչված են պաշտպանելու հանրության տարբեր շերտերի շահերը, ուստի ստեղծում ենք անկախ ֆիանսավորման մեխանիզմներ, որպեսզի այդ շահերը հնարավորինս անաչառ ձևով պահպանվեն»։
Վարչապետը կարծում է, որ դա կարևոր ժողովրդավարական բարեփոխում է, որի շնորհիվ հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները կարող են ունենալ ժողովրդական ֆինանսավորում․
«Այստեղ էլի որոշակի, նաև երկակի և երկկողմանի է, որովհետև սա նշանակում է` մենք նաև սրանով, այդ թվում` լրատվամիջոցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների համար ստեղծում ենք խթաններ, որպեսզի նրանք էլ համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրահռչակեն և նաև իրենք էլ որոշակի շահագրգռություն ունենան, որպեսզի քաղաքացիները անմիջականորեն հայտարարագրումով զբաղվեն, այսինքն՝ ինքնաշխատությունից դուրս ավելի ու ավելի շատ մարդիկ զբաղվեն իրենց եկամուտների հայտարարագրման` սրանից բխող օգուտներով»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ որքան շատ մարդ ճշգրիտ հայտարարագիր ներկայացնի, այնքան կմեծանա սոցիալական քաղաքականությունների հասցեականությունը։
Նախագիծն ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական ենթատեքստ ունի։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ հաճախ ԶԼՄ-ներն ու կուսակցությունները ֆինանսական ակնհայտ կախվածություն ունեն որոշակի անձանցից կամ կազմակերպություններից․
«Սա շատ լավ հնարավորություն է մեր քաղաքացիների համար վճարել կամ օգնել և մասնակից դառնալ այդ օրակարգին։ Եթե լրատվամիջոցը չունի բացարձակ ֆինանսական միջոց ու կախված է մեկ անձից, երևի թե տրամաբանական է, որ այդ մեկ անձի օրակարգը պետք է սպասարկի»։
Եկամուտները հայտարարագրելիս քաղաքացիները մինչև 100 հզր դրամ վերադարձի հնարավորություն ունեն։ Այժմ առաջարկվում է նաև փոխել սոցկրեդիտի վերադարձի շեմն ու եկամուտները։
Ինչ-որ շեմից բարձր եկամուտ ունեցողների համար սոցիալական կրեդիտները կնվազեն, փոխարենը կավելանա խոցելի խավերի սոցիալական կրեդիտը՝ ասում է վարչապետ Փաշինյանը․
«Հիմա բոլորի համար 100 հզր դրամ է սոցիալական կրեդիտը։ Մենք պետք է բարձր աշխատավարձ ստացողների համար զրոյացնենք, մյուսների համար կամաց-կամաց դարձնենք 150 հզր, 200 հզր, 300 հզր դրամ։ Սա լրջագույն հասցեական սոցիալական փոփոխություններ կբերի ՀՀ-ում»։
2024 թվականին 81 հզր քաղաքու 6,3 մլրդ դրամ է վերադարձվել։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ շահառուների թիվն ընդլայնվել է․ 92 հզր մարդ 7,5 մլրդ դրամ է ստացել։ Նախորդ տարվա եկամուտների հայտարարագրի վերջնաժամկետը այս տարվա նոյեմբերի 1-ն է։