Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը:

Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:

Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկեց կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:

Հիշեցնենք՝ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մարտուն Գրիգորյանը։

Leave a Comment