Տիգրանաշենի սահմանազատման դետալների վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա, իսկ հանրաքվեի անհրաժեշտությունը պարզ կդառնա միայն գործընթացի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 17-ի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
«Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ լինի՝ հանրաքվե անհրաժեշտ է, թե չէ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ կանոնակարգի համաձայն՝ սահմանազատման աշխատանքներն ամփոփվելու են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով։
Անդրադառնալով Սահմանադրության դրույթներին՝ վարչապետն ընդգծել է, որ հանրաքվե պահանջվում է տարածքի փոփոխության դեպքում։ Ըստ նրա, եթե ենթակառուցվածքի կամ տեղանքի պատճառով սահմանագիծը տեղաշարժվի ընդամենը մեկ մետրով, դա տարածքի փոփոխություն չի համարվի, և հանրաքվեի կարիք չի լինի։ Իսկ եթե արդյունքում փաստացի տարածքային փոփոխություն արձանագրվի, այդ ժամանակ իրավաբանների գնահատականների հիման վրա կանցկացվի հանրաքվե։
«Մեկ մետրի համար հանրաքվե պե՞տք է, թե՞ պետք չէ․ իհարկե պետք չի, տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել։ Իսկ եթե արդյունքում կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ արդեն հանրաքվե կլինի»,- պարզաբանել է նա։
Անկլավների հարցի առնչությամբ Փաշինյանը հայտնել է, որ առկա է խնդիր, որը ենթակա է լուծման, սակայն որևէ տարածք հանձնելու մասին պայմանավորվածություն չկա։
«Ես ձեզ ուղիղ, առանց խորամանկությունների ասում եմ, որ չկա ոչ մի պայմանավորվածություն․ կլինի արդյունքը՝ կերևա՝ հանրաքվե պետք է, թե չէ»,- պնդել է նա։
Օգոստոսին Փաշինյանը հայտարարել էր, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ՝ այն անվանելով «Քյարքի», իսկ ավելի ուշ նշել էր, որ անկլավների հարցի լուծման ձևը դեռ որոշված չէ։ Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը, նրա խոսքով, մտնում է։
