2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 17-ի նիստում։
Նախագծով հիմնական աշխատավարձերը կբարձրանան, իսկ լավ աշխատանքի համար նախատեսված լրացուցիչ վարձատրությունը կախված կլինի գրանցած արդյունքներից։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են պետական համակարգի տասնյակ հազարավոր աշխատակիցների։ Նա հայտնել է, որ նոր համակարգի ներդրման համար 2026 թվականի համեմատ պետբյուջեից տարեկան 25 մլրդ դրամով ավելի միջոցներ կհատկացվեն։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է 30 մլրդ դրամի մասին։
Նախագծով նախատեսվում է տարբերակված չափերով բարձրացնել հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները՝ հաշվի առնելով պաշտոնի պատասխանատվության մակարդակը, որոշումներ կայացնելու լիազորությունները, աշխատանքի ազդեցությունն ու կառավարչական գործառույթները։ Կվերանայվեն նաև պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները։
Միաժամանակ կներդրվի կատարողականի գնահատման նոր համակարգ։ Յուրաքանչյուր պետական մարմնի համար կսահմանվեն ռազմավարական նպատակներ և չափելի ցուցանիշներ, որոնց նկատմամբ կգնահատվեն աշխատանքի արդյունքները։ Նախարարություններում նախատեսվում է ներդնել նաև ծառայողների անհատական գնահատման համակարգ, իսկ բարձր կատարողականը հիմք կդառնա լրացուցիչ վարձատրության համար։ Լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել աշխատավարձի ընդհանուր չափի 60%-ը։
Խաչատրյանի խոսքով՝ բարեփոխման նպատակներից է պետական ծառայությունը մասնագետների համար մրցունակ և գրավիչ միջավայր դարձնելը։
«Արձանագրված լավ արդյունքները պետք է արժանանան համարժեք վարձատրության»,- հայտարարել է փոխվարչապետը։ Նա կարևորել է նաև պետական ծառայողների շարունակական կրթությունը։
Նոր համակարգի շրջանակը կներառի նաև օրենսդիր, դատական և իրավապահ համակարգերը, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինները։ Դրանց համար կատարողականի հիմքով լրավճարի չափը նախատեսվում է կապել կառավարության կատարողականի ցուցանիշի հետ։
Նույն նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև համայնքային համակարգում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հունվարի 1-ից համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակիցների աշխատավարձերն առնվազն կկրկնապատկվեն, իսկ որոշ համայնքներում՝ կեռապատկվեն։
Խուդաթյանի խոսքով՝ չմիավորված համայնքների ղեկավարների վարձատրությունը՝ ներառյալ լրացուցիչ վճարումները, կսկսվի մոտ 700 հազար դրամից, միջինը կկազմի շուրջ 1 մլն դրամ, իսկ 75 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարներինը՝ շուրջ 1,2 մլն դրամ։ Բարձրացումը կվերաբերի նաև համայնքների ղեկավարների տեղակալներին և համայնքապետարանների աշխատակիցներին։ Առաջիկա երկու տարիներին դրա հետ կապված ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից։
Օրենսդրական փաթեթով կվերանայվեն նաև աշխատավարձի բարձրացման նպատակով գործող հավելումներն ու հավելավճարները։ Մասնավորապես՝ կնվազեցվեն դատախազներին, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների քննիչներին տրվող հավելումները, իսկ մյուս պաշտոնների համար դրանք կվերացվեն։ Նախատեսվում է դրանց չափերը հնարավորինս արտացոլել հիմնական աշխատավարձի գործակիցներում՝ պահպանելով աշխատավարձերի գործող չափերը։
Փոփոխությունները չեն տարածվի այն պետական ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում են ատեստավորման հիմքով հավելյալ վարձատրության մեխանիզմներ։
Նախագծով առաջարկվում է նաև վերացնել պետական ծառայության թափուր պաշտոնների համալրման ներքին և արտաքին մրցույթների տարանջատումը։ Կգործի միասնական մրցույթ, որին կկարողանան մասնակցել համապատասխան պահանջներին բավարարող բոլոր անձինք՝ անկախ նրանից՝ տվյալ պահին պետական համակարգում աշխատում են, թե ոչ։
Պետական համակարգում վարձատրության բարձրացումը նոր չէ։ 2025-ի դեկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին նախարարների և նրանց տեղակալների՝ միլիոնավոր դրամների պարգևավճարների մասին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026-ի հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար, իսկ Նիկոլ Փաշինյանը նույն ամսին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրությունն ավելացել է մոտ 1,5 մլն դրամով։ Մարտին կառավարությունը ևս 4,6 մլրդ դրամ էր հատկացրել պետական համակարգի աշխատակիցների պարգևատրման համար։
