
Եվրոպական խորհրդարանը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղմանը, այլ խոչընդոտում և խաթարում է այդ գործընթացը։ Այս մասին Դուբայում անցկացվող Արաբական մեդիաֆորումի շրջանակում քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է բախվել ապատեղեկատվական արշավների, չնայած խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։
«Այդպիսի ինստիտուտներից մեկը Եվրոպական խորհրդարանն է, որը լուծման մաս չէ, այլ խնդրի մաս է։ Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք նվաստացնում և խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը», — ասել է Հաջիևը։
Նա նշել է, որ այժմ ընթանում է տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթաց, սակայն Եվրոպական խորհրդարանը հետապնդում է բոլորովին այլ օրակարգ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը չպետք է միակողմանի լինի, այլ պետք է ընդգրկի ողջ տարածաշրջանը և նախատեսի հավասարակշռված համագործակցություն բոլոր երկրների հետ։