
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նա նշել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում, գրում է Ermenihaber-ը:
Գյուլերը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։
«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։
Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է։