Սեպտեմբերի 17-ի գիշերը ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարք հարձակվել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզի ուղղությամբ։ Մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևի խոսքով՝ վնասվել է «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Զոհեր և տուժածներ չեն եղել։
Գործարանը, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, տարեկան կարող է վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Այն ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսի 28-ին։
Միաժամանակ անօդաչուներ են հարձակվել Ռոստովի մարզի վրա։ Ռուսական կողմի տվյալներով՝ զոհեր չկան, սակայն վնասվել է տրանսֆորմատորային ենթակայան, ինչի հետևանքով Ռոստով-Դոնի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։ Astra-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել նաև «Ռոստով-Դոն-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի տարածքում։
