ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների զինվորական ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Գերմանիայում

ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների զինվորական ղեկավարները գաղտնի հանդիպում են անցկացրել Գերմանիայում

ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք արաբական երկրների զինված ուժերի ղեկավարները նախորդ շաբաթ Գերմանիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում գաղտնի հանդիպում են անցկացրել։ Axios-ը, հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների, հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի դեմ պատերազմը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը։ Դրան մասնակցել են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, Հորդանանի և Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները։ Արաբական մի շարք երկրների մասնակցությունն առանձնահատուկ է, քանի որ այդ երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ։

Կուպերը հանդիպման մասնակիցներին հայտնել է, որ Իրանի կողմից ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ հարվածներից հետո ԱՄՆ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից։ Նա նաև ներկայացրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունն ընդլայնելու ծրագրերը։ Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Իսրայելի ռազմական գործողությունները տարբեր ճակատներում։

Հանդիպման առանձին թեմա են եղել նաև Եմենի հութիները, որոնք ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայի դեմ և, ըստ հաղորդման, վերահսկում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում նավագնացությունը։ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը քննարկում են Իսրայելի կողմից սաուդյան ուժերին հնարավոր աջակցությունը, այդ թվում՝ հետախուզական, դիտարկման և հատուկ ծառայությունների տվյալների տրամադրման միջոցով։

Leave a Comment