Պտուղ-բանջարեղենի նմուշների յուրաքանչյուր երկրորդում թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ տվյալները մտահոգիչ են։Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են պաշտպանված չլինել թունաքիմիկատների ազդեցությունից։
«Սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը հրապարակել է մի նյութ, որի վերնագիրն ինքնին դատավճիռ է՝ «Թունաքիմիկատներ՝ պտուղ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում»։ Ոչ թե ամեն 103-րդ, ոչ թե ամեն 10-րդ, այլ՝ ամեն 2-րդ նմուշում։ Ես էլ ուզում եմ՝ էս թիվը պատկերացնեք։ Սա ոնց որ վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես։ Այսպես ասած՝ պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ խոսքը պետական մոնիտորինգի արդյունքների մասին է, և այդ հարցը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ առանց բացառության։
«Այն, ինչ արգելված է Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոլդովայում, մեր երկրում մեր տարեց ծնողների և մեր երեխաների, ձեր երեխաների ափսեի մեջ է»,– նշել է պատգամավորը։