Անձնական անե՞ծք, թե եկեղեցական նզովք. Ի՞նչ է իրականում նշանակում Դադիվանքի վիմագրի նզովքը

ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆԵ՞ԾՔ, ԹԵ՞ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԶՈՎՔ. Ի՞նչ է իրականում նշանակում Դադիվանքի վիմագրի նզովքը

Մի օգտատեր Դադիվանքի Կաթողիկե Ս. Նշան եկեղեցու վիմագրի մասին գրառման տակ գրել է․ «Մարդ արարածը ոչ մի պարագայում իրավունք չունի նզովելու իր նմանին»։

Возможно, это изображение храм и текст

Հիշեցնեմ, որ վիմագրի վերջում գրված է․ «Իսկ ով խլի մեր տվածը կամ խափանի սահմանված հիշատակի ժամը, թող նզովված լինի 318 հայրապետների կողմից»։

Եկեք քննենք, արդյո՞ք օգտատիրոջ պնդումը հիմնավոր է։

1. Եթե «նզովել» ասելով մարդ նկատի ունի անձնական չարությունից մեկին վատ բան ցանկանալը, ապա, այո՛, դա հակաքրիստոնեական է։

2. Բայց եկեղեցական նզովքը բոլորովին այլ բան է. այն Սուրբ Գրքում և Եկեղեցու կանոններում կիրառվող հոգևոր-կանոնական դատաստան է՝ հավատքի խեղաթյուրման, Եկեղեցու միասնության կամ նրա սրբազան կարգի ծանր ու գիտակցված խախտումների դեպքում։

3. Ամենահստակ օրինակը հենց Պողոս առաքյալն է տալիս. «Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1։8–9)։ Ուշադրություն դարձրեք՝ առաքյալը սա ասում է երկու անգամ։

4. Հետևաբար օգտատիրոջ պնդումը հերքվում է հենց Սուրբ Գրքով։ Պողոս առաքյալն ինքն էլ մարդ էր, սակայն առաքելական իշխանությամբ հստակ ասում է՝ «նզովյա՛լ լինի» (Գաղ. 1։8–9) և մեկ այլ նամակում էլ գրում է. «Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուս, նզովյա՛լ թող լինի» (Ա Կոր. 16։22)։ Ուրեմն հարցը ոչ թե այն է՝ մարդը կարո՞ղ է երբևէ նզովք արտասանել, այլ՝ ո՞վ, ի՞նչ իշխանությամբ և ի՞նչ պատճառով է դա անում։

5. Ս. Հովհան Ոսկեբերանը, մեկնաբանելով Գաղ. 1։8–9-ը, հատուկ ընդգծում է, որ Պողոսը նույնիսկ ինքն իրեն է ներառում այդ նզովքի տակ. եթե անգամ ինքը կամ երկնային հրեշտակը խեղաթյուրի Ավետարանը, նզովյալ լինի։ Ոսկեբերանն ավելացնում է, որ առաքյալը դա երկրորդ անգամ է կրկնում, որպեսզի պարզ լինի՝ խոսքը զայրույթի պահին արտասանված անեծքի մասին չէ, այլ գիտակցված և կշռադատված դատաստանի։

6. Նույնը տեսնում ենք Եկեղեցու կանոններում։ Օրինակ՝ Գանգրայի ժողովի Զ կանոնն ավարտվում է՝ «թող նզովյալ լինեն» այն մարդկանց նկատմամբ, ովքեր Եկեղեցուց դուրս առանձին ժողովներ են գումարում, արհամարհում են Եկեղեցին և կամենում եկեղեցական գործեր կատարել՝ առանց եպիսկոպոսի կամքով կարգված երեցի։

Այսինքն՝ նզովքի կիրառությունը Եկեղեցու կանոնական լեզվի իրական և հնագույն մասն է։

7. Նզովքի բանաձևը հանդիպում է նաև Տիեզերական ժողովների որոշումներում։ Այսպես՝ Նիկիայի Ա Տիեզերական ժողովը, դատապարտելով Արիոսի և նրա հետևորդների դավանաբանական շեղումները, Հավատո հանգանակի ավարտին նրանց ենթարկում է եկեղեցական նզովքի։

8. Ավելին՝ այդ ժողովի նզովքի բանաձևը տեղ է գտել նաև Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագի մեջ։ Հավատո հանգանակի ավարտին Եկեղեցին, դատապարտելով Սուրբ Երրորդության վերաբերյալ հերետիկոսական ուսմունքները, հայտարարում է, որ այդպես դավանողներին «նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»։ Այսպիսով՝ նզովքը մեզ համար պարզապես միջնադարյան վիմագրային արտահայտություն չէ․ դրա կանոնական-դավանական լեզուն մինչև այսօր հնչում է Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագում։

9. Ուրեմն պետք է տարբերակել երկու բոլորովին տարբեր բան։

«Ես քեզ ատում եմ և թող քեզ չարիք պատահի» – քրիստոնեական նզովք չէ, այլ մեղավոր չարություն։

«Ով գիտակցաբար կատարի այս ծանր սրբապղծությունը կամ խախտի Եկեղեցու սահմանած կարգը, ենթակա է նզովքի» – Սուրբ Գրքից և կանոնական ավանդությունից եկող բանաձև է։

10. Դադիվանքի արձանագրությունն էլ հենց այս երկրորդ իմաստն ունի։ Այնտեղ որևէ մեկը անձնական թշնամուն չի անիծում։ Եկեղեցուն տրված նվիրատվությունը և դրա դիմաց հաստատված հիշատակի ժամը դրվում են եկեղեցական պաշտպանության ներքո, և արձանագրվում է, որ «ով խլի մեր տվածը կամ խափանի սահմանված հիշատակի ժամը, 318 հայրապետների կողմից նզովված լինի»։ Այստեղ հիշատակված 318 հայրապետները Նիկիայի Ա ժողովի հայրերն են, և նրանց անունով նզովքի բանաձևը ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե անձնական վրեժխնդրության, այլ եկեղեցական-կանոնական պատժի լեզվի մասին է։

Ավելին՝ նզովքի նպատակը մարդու կործանումը ցանկանալը չէ։ Եկեղեցու հայրերի կանոնական մտածողության մեջ պատիժը ինքնանպատակ վրեժ չէ, այլ մեղավորին զգաստացնելու, ապաշխարության բերելու և Եկեղեցու կարգն ու սրբությունը պահպանելու միջոց։

Ուստի պետք է առաջնորդվել ոչ թե Սուրբ Գրքից, Եկեղեցու հայրերից և դարավոր եկեղեցական կանոնական լեզվից կտրված մեր ժամանակակից զգացողություններով, այլ, ընդհակառակը՝ հիմնվել հենց դրանց վրա։

Հ.Գ. Արձանագրության ամբողջ վերծանումը՝ 

ՎԻՄԱԳԻՐԸ ԳՐԱԲԱՐ

Կամաւն Աստուծոյ ես Սմպատ իշխան որդի մեծի Լիպարտի միաբանեցայ սուրբ ուխտիս Դատու վանաց առաջնորդութեամբ տէր Աթանասի եւ գնեցի զԽռանտաշանց այգին եւ յԵղեգիս իմ գնած Ձիթահանքն եւ այլ արդիւնք ըստ կարի եւ զկանանչաւոր գեղն եւ այլ, որ հաստատեցի ամէն խարճովն անչար եւ ետու ՚ի սուրբ Կաթուղիկէս։ Տէր Աթանաս եւ այլ միաբանքս սահմանեցին մեզ զատկի կիրակի յարութեան աւրն զամէն եկեղեցիքս մեզ ժամ։ Արդ, ով խլէ զմեր տուածն կամ զժամն խափանէ, ՅԺԸ հայրապետացն նզոված եղիցի, թուին ՉԺԴ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment