ՍԴ-ն հրապարակել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին համաձայնագրի վերաբերյալ սեպտեմբերի 15-ի որոշումը։ Ինչպես արդեն Radar Armenia-ն տեղեկացրել է՝ ՍԴ-ն եզրակացրել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Ինքնիշխանությունը պահպանվում է
Սահմանադրական դատարանի որոշման առանցքային դրույթներից մեկը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը և պետական սահմանների նկատմամբ իրավազորությանը։
ՍԴ-ն ընդգծել է, որ համաձայնագրով Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը ծրագրի՝ ՀՀ տարածքում գտնվող հատվածների նկատմամբ։
«Հայաստանի Հանրապետությունը լիիրավ կերպով պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը TRIPP նախագծի այն հատվածների նկատմամբ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,– նշված է որոշման մեջ։
Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները շարունակելու են իրականացնել պետական սահմանի կառավարումը, սահմանային և մաքսային վերահսկողությունը, ինչպես նաև միգրացիոն վերահսկողությունն ու հարկերի հավաքագրումը։
Համաձայնագրով նախատեսվում է սահմանային անցակետերում կիրառել «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելը։ Դրա շրջանակում քաղաքացիների և այլ օգտվողների հետ անմիջական շփման որոշ ծառայություններ կարող են իրականացվել մասնավոր օպերատորների կողմից, մինչդեռ պետական վերահսկողական գործառույթները պահպանվում են Հայաստանի իրավասու մարմինների մոտ։
Արտակարգ իրավիճակների դեպքում առաջնահերթ գործելու իրավունքը վերապահվում է Հայաստանի իշխանություններին։
Նախատեսվում են նաև օրենսդրական և հարկային արտոնություններ
Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանը ստանձնում է նաև ներպետական օրենսդրության հետ կապված պարտավորություններ։
Մասնավորապես, նախատեսվում է բացառություններ սահմանել բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտները կարգավորող օրենսդրությունից։
Բացի այդ, TRIPP զարգացման ընկերությունը և դրա դուստր կազմակերպությունները նախատեսվում է ազատել շահութաբաժինների, կապիտալի շահույթի և իրավունքների փոխանցման գործարքների հարկերից։
ՍԴ-ն իր որոշմամբ նշել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ ինքնիշխան պետության հայեցակարգին, ինչպես նաև 13-րդ հոդվածով սահմանված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն ուղղված արտաքին քաղաքականության նպատակներին։
