Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Երկրի ղեկավարը նախաքննության փուլում գտնվող կամ դատարանում քննվող գործով խախտում է անմեղության կանխավարկածը և խոսում, թե ինչ պետք է լինի արդյունքը. սրանով ոտնահարվում են ժողովրդավարությունը, դատական իշխանության անկախությունն ու եվրոպական արժեքները։
Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ ասում, իրականում այդ «խլուրդը» դուք եք։ Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել այս բացահայտումից հետո։ Ձեր թիմակիցներից մեկն ասում էր՝ «պետք է ձեռքերը կտրել»․ ինձ թվում է՝ չարժե նման ծայրահեղ քայլերի գնալ, բայց, ամեն դեպքում, ի՞նչ եք անելու»,- ասել է Քոչարյանը։
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ Փաշինյանի մեջ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բարդույթ կա։
«Երևի նրանից, որ նա ձեզ պես չի փախել, ինչպես դուք ժամանակին մեկ տարուց ավելի արևին էիք նայում ու պատմում վարագույրի ծակից, իսկ նա, ունենալով բոլոր հնարավորությունները, հետ է եկել։ Երևի այս բարդույթն է ամեն ինչի հիմքում»,-հավելել է նա։