Ռուսական ռազմաբազայի հարցը՝ օդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական ռազմաբազայի հարցը՝ օդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի թեման կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում։

Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե Երևանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, Մոսկվան կարող է հեռանալ անգամ հաջորդ օրը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, արձագանքելով, նշել էր․ եթե Ռուսաստանը ցանկություն հայտնի պահպանել ռազմաբազան, Երևանը պատրաստ է այդ հարցը քննարկել․

«Էսքան ժամանակ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել։ Էնպես էլ չի, որ համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտություն կա։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, չենք առարկի»։

Մոսկվայից հնչել է ևս մեկ ազդակ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հայկական կողմից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում կամ հարցում չեն ստացել, և որ ռազմաբազան մնում է Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ առաջիկա բանակցություններում տարբեր հարցեր կարող են դառնալ փոխադարձ սակարկության առարկա։ Այդ սակարկություններում, բնականաբար, ամեն մի խնդիր ունենալու է իր գինը։ Բայց ռազմաբազայի հարցը միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում չէ․ դրա հիմքում գործող միջազգային պայմանագրերի համակարգ կա։ 102-րդ ռազմաբազայի հիմնական իրավական հիմքը 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համապատասխան պայմանագիրն է։

Արդեն 2010 թվականին փաստաթուղթը ոչ միայն վերանայվել է, այլև ռազմաբազայի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի, որից հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից մեկը չի առարկում։

Նաև ամրագրվել էր, որ ռազմաբազան, ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը։

Փաստաթղթում նշված է․ «Այդ նպատակին հասնելու համար ռուսական կողմը կաջակցի ՀՀ-ին ժամանակակից և համատեղելի զինտեխնիկայով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»։

Ո՞ւմ համար է այսօր ռազմաբազան ավելի կարևոր՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել ռազմաբազայի աշխարհաքաղաքական նշանակությունը․

«Չմոռանանք, որ սա փաստացի միակ ռուսական բազան է այս տարածաշրջանում։ Եվ, բացի այդ, ՆԱՏՕ-ի սահմանին գտնվող ռուսական միակ բազան է։ Հետևաբար սրա կարևորությունը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական առումով բավականաչափ բարձր է»։

Ռազմաբազայի շուրջ այս տրամաբանությունից էլ ծնվում է հնարավոր «գնի» հարցը։ Եթե այն Ռուսաստանի համար ունի աշխարհաքաղաքական նշանակություն, ապա տեսականորեն այն կարող է հայտնվել նաև այլ բանակցային հարցերի կողքին՝ էներգակիրներից մինչև տնտեսական և անվտանգային պայմանավորվածություններ։

Փորձագետը բերում է գազի գնի օրինակը․

«Եթե Ռուսաստանը գտնում է, որ պետք ա վերանայի գազի գինը, ներկա գնի փոխարեն, ենթադրենք, 50 տոկոսով թանկացնի՝ հասցնելով մինչև 250-270 դոլար, էդ դեպքում Հայաստանը կարող է ասել՝ դե ռազմաբազայի վարձավճարը պետք ա սահմանվի X գումար, ու էդ գումարով փորձի սուբսիդավորել հասարակության այն հատկապես խոցելի շերտերին, որոնց վրա կարող է ազդել գազի գինը»։

Սակայն կա նաև հակառակ տեսակետը։ Ռուսական պաշտոնական հռետորաբանության մեջ ռազմաբազան շարունակում է ներկայացվել որպես Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարևոր բաղադրիչ։

Պետրոսյանի գնահատմամբ՝ ռազմաբազայի նշանակությունը Հայաստանի անվտանգության համար պետք է դիտարկել տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում․

«Իսկ նպատակն այն էր, որ դրա միջոցով կանխվեր Թուրքիայի հնարավոր հարձակումը կամ միջամտությունը արցախյան կոնֆլիկտին՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ Դա է եղել բազայի նպատակը»։

Բայց Պետրոսյանը թերահավատ է, որ բազան կարող է իրականացնել անվտանգության իր գործառույթը․

«Ռուսաստանը հիմնական ռազմավարական սպառազինությունը և, իհարկե, ռազմական կոնտինգենտի հիմնական հատվածը Հայաստանից տեղափոխել է Ուկրաինա։ Այսինքն՝ անգամ Գալուզինի ներկայացրած նպատակով, եթե անգամ Հայաստանի դեմ հարձակում լինի, այդ բազան ապիկար է լուրջ հարց լուծելու համար»։

Մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը պնդում է․ ռազմաբազայի դուրսբերումն արկածախնդրություն է․

«Ռազմաբազան որոշակի առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել թշնամիների երախում՝ արկածախնդրություն է երկրի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների»։

Մինչ այդ, նկատենք, այս պահին Հայաստանի կողմից ռազմաբազայի դուրսբերման պաշտոնական դիմում չկա։ Բայց եթե հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում նոր լարվածություն առաջանա, ըստ մասնագետների, ռազմաբազայի հարցը կարող է դառնալ առարկայական բանակցությունների թեմա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment