ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է դադարեցնել ամերիկյան զինված ուժերի մասնակցությունն Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ առանց Կոնգրեսի թույլտվության։ Ստորին պալատի սեպտեմբերի 15-ի նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է C-SPAN-ը։
Քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ է արտահայտվել 220 կոնգրեսական, դեմ՝ 204-ը։ Բանաձևին աջակցել են քվեարկությանը մասնակցած բոլոր դեմոկրատները և յոթ հանրապետականներ։ Սա Իրանի հարցով Ներկայացուցիչների պալատի ընդունած արդեն երրորդ նման բանաձևն է։
Ուժի մեջ մտնելու համար բանաձևը պետք է հաստատի նաև Սենատը, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը, կամ Կոնգրեսը պետք է հաղթահարի նախագահի հնարավոր վետոն։ Նախորդ նմանատիպ բանաձևերը Թրամփի ստորագրմանը չեն հասել։
ԱՄՆ Սահմանադրությամբ պատերազմ հայտարարելու լիազորությունը պատկանում է Կոնգրեսին։ Օրենսդիրների և Սպիտակ տան միջև տարաձայնությունները վերաբերում են առանց Կոնգրեսի առանձին թույլտվության ռազմական գործողությունները շարունակելու նախագահի լիազորություններին։
Ավելի վաղ CBS News-ը հրապարակել էր Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքները պատկերող լուսանկարներ։ Սաուդյան Արաբիայի «Prince Sultan» ավիաբազայում լրջորեն վնասվել էր Boeing E-3 Sentry ինքնաթիռը, իսկ Քուվեյթի Camp Buehring և Camp Arifjan ամերիկյան ռազմական օբյեկտներում ավերածություններ էին արձանագրվել։
